Ռուսաստանում ապրիլի 21-ին ձերբակալված «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանը` նույն ինքը`  Արտյոմ Սարատովսկին ընդամենը մեկ-երկու ամիս առաջ է կնքվել «օրենքով գող»: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

«Արտյոմ Սարատովսկու ձերբակալությունը շատ սովորական սխեմայով գնաց, նրա մոտ հայտնաբերեցին թմրանյութ, որը մարդու ձերբակալելու լավագույն ձեւն է: Հետո մեղադրեցին սպանություն կազմակերպելու եւ իրականացնելու մեջ: Ինչի՞ ձերբակալվեց նա: Այս տղան շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա, այս մարդը բավականին ուժ ունեցող մարդ է, մեկ երկու ամիս առաջ է կարգվել «օրնեքով գող»,- ասաց նա:

Քրեագետի խոսքով` ըստ ռուսական մամուլի այս ձերբակալության մեջ շահագրգռված է վրացի «օրենքով գող» Դաթո Կուադլան:

«Ինձ համար սակայն ռուսական կայքերը հուսալի չեն, իսկ Արտյոմ Սարգսյանը կապված էր Հայաստանի մի շարք օրենքով գողերի հետ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ «Փրայմ Քրայմը»-ի տվյալներով` Արտյոմի «մարտական մկրտությունը» երկար էր տեւել: Անցյալ տարվա հոկտեմբերին Դաթոյի եւ Զլակի հետ նրանք Արմավիրում ցուցադրական հաշվեհարդար էին տեսել տեղի «օրենքով գող» Արա Մուրադյանի ` Դեդ Հասանի վերջին «սանիկի» նկատմամբ: Նաեւ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած կոնֆլիկտը շուտով Արտյոմի համար նոր փորձանք էր բերել` այս անգամ անձամբ իրեն վերաբերող: Լենինականցի  «օրենքով գող» Զապին էր դիմել մի տղամարդ, ըստ որի` Արտյոմը գող չեղած ժամանակ իրեն չէր վճարել նարդիում պարտված խոշոր գումար, իսկ հետո դա թաքցրել էր իր  «կնքահայրերից»: Հայ գողերը կանչել էին Արտյոմին հայրենիք` պարզաբանելու,  սակայն վերջինս տարբեր պատճառներով հրաժարվում էր գալ: Եթե միջնորդը չի խաբել, ուրեմն Արտյոմը կզրկվի  անունից, քանի որ  խաղի պարտքը պատվի հարց է, իսկ անպատիվ մարդը գող չի կարող լինել` անկախ կլանային պատկանելությունից: