Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պատրաստվում է մասնակցել Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին, բայց չի կարծում, թե այնտեղ կքննարկվի Սյունիքի մարզպետի թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը:
«Ես չեմ էլ կարծում, թե նման հարց կքննարկվի, ոչնչից տեղյակ չեմ»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ իրեն որեւէ առաջարկ չի արվել, ինչպես կուսակցությունը որոշի, այպես էլ կվարվի:
Անդրադառնալով երեկ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակած նոր փաստերին, թե ձայնագրությունը վերծանվել է եւ մի կին գոռում է, թե «Տիգրան, ինչի՞ տվիր սպանիր»՝ Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ նման բան չկա: «Ձայնագրությունները կան, հարյուր անգամ քննարկվել է, նման բան չկա, ինքը մի տարի է ամեն ինչ խեղաթյուրում է»,- նշեց նա: Հարցին, թե եթե մարզպետ նշանակվեք, ինչպես պետք է գնաք ու աշխատեք՝ հաշվի առնելով Բուդաղյանների հետ ունեցած լարվածությունը, նա այսպես պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ ո՞նց պիտի գնաք աշխատեմ, ես մարզպետ չեմ, բայց շաբաթվա կեսը մարզում եմ լինում, նման խնդիրներ չունեմ»:
Նշենք, որ Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, թե անցած տարվա հունիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպն ապացուցված է, տեսագրության ամբողջ խոսակցությունը վերծանվել է եւ նոր փաստեր են ի հայտ եկել:




























