News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամանորի գլխավոր հերոսներին՝ Ձմեռ պապին եւ Ձյունանուշին քո տանը տեսնելու համար պետք է վաղօրոք մտածես, այլապես վերջին օրերին նրանց պատվիրելու համար կվճարես մի կլորիկ գումար: NEWS.am-ը հարցախույզ է անցկացրել Ձմեռ պապ, Ձյունանուշ ծառայություններ առաջարկող ընկերությունների շրջանում՝ պարզելու գները, պատվերները եւ այլ հետաքրքիր մանրամասներ:

Այսպես, «Բեյբի բում» ընկերությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց Ձմեռ պապիկների, Ձյունանուշների աշխատանքը սկսվում է դեկտեմբերի 20-ից եւ տեւում մինչեւ հունվարի 13-ը: Կախված ծառայությունը պատվիրելու օրից՝ գները տարբեր են, եթե սովորական օրերին Ձմեռ պապը, Ձյունանուշ կանչելը արժե 15-20 հազար դրամ, ապա Ամանորի գիշերն այն արժե 30 հազար դրամ, այդ գումարով Ամանորի հերոսները մոտ 30 րոպե կուրախացնեն Ձեզ եւ ձեր մտերիմներին: Ընկերությունից վստահեցրեցին, որ իրենց մոտ գնաճ չի եղել, սակայն փաստեցին, որ այս տարի պատվերները քիչ են՝ պայմանավորված երկրի տնտեսական վիճակով: «Բեյբի բումում» կա մոտ երկու տասնյակ Ձմեռ պապ եւ Ձյունանուշ, ովքեր այցելությունների ժամանակ չեն խմում, չեմ ուտում, իսկ գինովցած հյուրերի կատակներն էլ աշխատում են թեթեւ տանել: Ընկերությունում պատմեցին, որ մի անգամ երեխաներից մեկը հարց էր տվել Ձմեռ պապիկին, թե դու որտեղից ես եկել, վերջինս էլ ասել էր՝ Լապլանդիայից, խորամանկ բալիկն էլ պատասխանել էր՝ «չէ, դու հայկական Ձմեռ պապ ես, Մասիս սարից ես եկել»: Պարզվում է, որ Ամանորի հերոսներին ամենանհամբեր սպասողները  ոչ միայն երեխաներն են, այլեւ մեծ երեխաները: «Անցյալ տարի պատվիրել էին Ձմեռ պապ երեխայի համար, գնացին, տեսան, որ երեխան 30 տարեկան տղա է, ում պլանշետ պետք է նվիրեր, ինչ-որ գեներալի ընտանիք էր»,-պատմեցին ընկերությունում:

«Սմայլ» տոնական պարագաների խանութից Ձմեռ պապ Ձյունանուշ պատվիրել են ոչ միայն երեխաների, այլեւս դեսպանատների, մանկապարտեզների եւ այլ կոլեկտիվների համար: Այստեղ Ամանորյա հերոսների ծառայությունների գները սովորական օրերին տատանվում է 15-20 հազար դրամի սահմաններում, իսկ Ամանորի գիշերը այն արժե մոտ 50 հազար դրամ:

«Երազանք» մանկական շոու-ծրագրերի կազմակերպման ընկերությունում  Ամանորի հերոսների աշխատանքը սկսվում է դեկտեմբերի 25-ից եւ տեւում մինչեւ հունվարի 5,6-ը: Այստեղ եւս փաստեցին, որ այս տարի պատվերները քիչ են, «Հայաստանում մարդ չի մնացել, որ պատվիրեն»: Ամանորի գիշերը ծառայությունն արժե 40 հազար դրամ, իսկ սովորական օրերին՝ 20 հազար դրամ: Ամենահետաքրքիր պատվերը, որ ունեցել են, Գերմանիայում ապրող մի աղջկա կողմից է, ով գումարը փոխանցել է, որպեսզի Ամանորի գիշերը Ձմեռ պապ եւ Ձյունանուշ այցելեն իր ծնողներին: Ընկերությունից հայտնեցին, որ միայնակ Ձմեռ պապ ուղարկում են, սակայն Ձյունանուշ՝ ոչ, քանի որ վտանգավոր է:

«Retro Studio» եւս Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայությունների համար դեկտեմբերի սկզբից սկսել են գրանցումը, Ամանորի հերոսները կանցնեն աշխատանքի դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 13-14-ը: 20 րոպեանոց ծրագրի համար այստեղ Ձմեռ պապին, Ձյունանուշին պետք է վճարել 15-20 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 31-հունվարի 1-ը՝ 50 հազար դրամ, «քանի որ այդ մարդիկ Ամանոր չեն նշում, աշխատում են գիշերով»: Միայն Ձմեռ պապն արժե 40 հազար դրամ, իսկ միայն Ձյունանուշ չեն ուղարկում: Ընկերությունում հայտնեցին, որ ժողովրդի մեջ լինում են պարապ, խմած մարդիկ, ովքեր զանգում եւ միայն Ձյունանուշեր են ուզում, իրենք, սակայն, չեն ուղարկում:

Զրուցեցինք նաեւ Ձմեռ պապի, Ձյունանուշի ծառայություններից օգտվող ծնողներից մեկի հետ: Աննան իր 3-ամյա դստեր համար Ամանորին Ձմեռ պապ, Ձյունանուշ կանչելու փնտրտուքը սկսել է դեռ նոյեմբերի վերջից:  «Զանգել եմ այդ ծառայություններն առաջարկող մոտ 10 ընկերություն, ես ցանկանում էի, որ մեր տուն այցելեն հենց 31-ի գիշերը, ծառայությունն այդ ժամին արժե 60 հազար դրամ, մյուս օրերին՝ 20 հազար դրամ: Չեմ պատրաստվում 60 հազար տալ այդ ծառայությանը, քանի որ մեգաշոու ծրագիր չեն մատուցում, նվերը ես եմ գնում, իրենք գալիս են, ընդամենը 10-15 րոպե մնում եւ հեռանում, ավելի լավ է վարձույթով վերցնեմ շորերը կամ ինքս գնեմ եւ խնդրեմ ծանոթներիցս մեկին այդ օրը բալիկիս համար դառնա Ձմեռ պապ: Կարծում եմ, երբ հարցը երեխաներին է վերաբերում, կարելի է ավելի բարեխիղճ գտնվել»,-ասաց ծնողը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սովորաբար Հայաստանում այդ ծառայությունը տատանվում է 10.000-50.000 դրամի սահմանում: Սակայն, եթե Ձմեռ պապին ինչ-որ դերասան է, հայտնի դեմք, նրան կանչում են ռեստորանում կայանալիք մեծ խնջույքի, ապա ծառայությունը կարող է արժենալ 400 հազար դրամ եւ ավելի: Սպառողների միության պաշտպանը շեշտեց, որ 50 հազար, թե 450 հազար դրամ մեզանում կարող է վճարել միայն բնակչության 10-12 տոկոս, իսկ գերակշիռ մեծամասնության՝ 80 տոկոսի համար այս ծառայությունն անմատչելի է: «Սա մեզ սազական բան չի, բա երեխայի հաճույքը ո˚նց կարելի է խաթարել, երեխան սրբություն է, բոլորն էլ երեխա են եւ դա պետք է կապ չունենա ծնողի վճարունակության հետ»,-ասաց Արմեն Պողոսյանը:

Պատրաստեց՝ Ինգա Մարտինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ