Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովին տրամադրել է հանրային պաշտպան: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Փաստաբանական պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

Նա նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հունվարի 15-ի որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա»: Փաստաբանների պալատը նպատակահարմար չի գտնում Հանրային պաշտպանի անունը հրապարակել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, Պերմյակովը գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: