«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վիճակը լավ է, նրան վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ին ասաց Արտակի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը:

«Արտակի առողջական վիճակը ժամ ժամի դրական է գնում, երեկ ու առաջին օրվա համեմատ լավ է զգում իրեն: Ըստ նախնականի՝ վաղը կտեղափոխեն պալատ: Իսկ դեպրեսիոն վիճակից ամբողջությամբ դեռ դուրս չի եկել, թեեւ հարցերին պատասխանում է, խոսում է, ադեկվատ է»,- ասաց եղբայրը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձիք առեւանգել են: Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։

ԲՀԿ-ական  պատգամավոր Վահան Բաբայանը, որը զրուցել էր Արտակի հետ, պատմել էր, որ  նրան մի քանի ժամ շարունակ դաժանաբար ծեծել են՝ գլխին պարկ եւ ձեռքերին շղթաներ հագցրած, այնուհետեւ ավտոմեքենայով տարել եւ քաղաքի ծայրամասերից մեկում թողել: Արտակ Խաչատրյանը պատահական մեքենայով հասել է տուն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մեքենայով են առեւանգել Արտակ Խաչատրյանին։