Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանին կհուղարկավորեն վաղը՝ մարտի 10-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, ով մահացածի կնոջ ազգականներից է:
Նա նշեց, որ իրենց ընդամենը հայտնել են, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետեւանքով, իսկ թե նրան կախել են, թե կախվել է, հայտնի չէ: Հարազատներին չեն հայտնել նաեւ, թե քանի օր առաջ է մահացել Արթուր Սաֆարյանը: Վնասված են եղել նաեւ տղամարդու ձեռքերը, ըստ երեւույթին՝ կենդանիներն են վնասել: Զինծառայողի գրպանից հայտնաբերվել էր ծխախոտ եւ կրակայրիչ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել էր փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը դիմել էր Ոստիկանություն։ Կնոջ հավաստմամբ՝ հայտնել էր, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ամուսնու հետ։ Արթուրը հրաժեշտ էր տվել կնոջը եւ ասել, որ այլեւս չի վերադառնալու։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։ Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: Անհետանալուց 15 օր անց Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում՝ ինչ-որ շինությունում, հայտնաբերվել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին, որն անհետացել էր դեռեւս փետրվարի 21-ին։ Նա եղել է բաց տարածքում գտնվող բետոնե դիտահորում՝ կախված վիճակում։ Աֆյանի մարմինը հայտնաբերել է Գյումրիի 58-րդ թաղամասին բնակիչներից մեկը եւ ահազանգել ոստիկանություն։




























