News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Բախտավոր է այն մարդը, որը չի ճանաչել ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին , որովհետեւ նրան ճանաչողի համար մեծ ցավ է գիտակցել, որ նա այլեւս չկա:  NEWS.am-ի  հետ զրույցում այսօր՝  հունիսի 12-ին՝ Մոնթեի մահվան օրը, հիշեց Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Գագիկ Հակոբյանը, որը մարտական ընկերների հետ  այցելել էր Եռաբլուր:

«Շատ պարզ ու հասարակ մարդ էր, հայրենասեր, ամեն ինչ անում էր, որպեսզի պատերազմի տարիներին ինչ-որ բան տնտեսեր հայրենիքի համար: Եթե տղաները մի  փամփուշտ էլ կորցնեին, մեծ կռիվ կաներ: Մեքենաները քաշելով էր Ղարաբաղ տանում, որ բենզին չծախսեր»,-հիշեց Գագիկ Հակոբյանը:

Մոնթեի մարտական ընկեր, ազատամարտիկ Քաջիկ Գինոսյանն էլ պատմեց, որ Մոնթե Մելքոնյանը շատ է սիրել թխվածք ուտել, եւ երբ Հայաստանում կուսակցությունները նոր-նոր  են ստեղծվել, Մոնթե Մելքոնյանին հարցրել են, թե որ կուսակցությունից է,  նա էլ  կատակով  պատասխանել է՝ «Խմորեղենի կուսակցությունից». «Խիստ եւ միեւնույն ժամանակ բարի հրամանատար էր: Զինվորները միշտ գնում էին նրա հետեւից, հերոս տղա էր»:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, վաշտի հրամանատար Մավր Մարտիրոսյանն էլ հիշելով հրամանատարին, նշեց, որ Մոնթե Մելքոնյանը մինչեւ վերջ կռվեց եւ իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի:

 «Պատերազմի ժամանակ նրա համար անհնարին բան գոյություն չուներ: Միշտ հորդորում էր, որ պետք է հաղթենք: Իսկական հրամանատար էր, որից մարտի դաշտում կռվողները շատ բան են սովորել ու մինչեւ հիմա էլ սովորում են: Երբ ասում էին, լավ ենթադրենք պատերազմը հաղթելու ենք, բարկանում էր, ասում էր «ի՞նչ ենթադրենք, անպայաման հաղթելու ենք»,-ասաց մավր Մարտիրոսյանը:

Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ եղեռնից փրկված եւ Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հնագիտության պրոֆեսոր էր եւ տիրապետում էր 8 լեզուների: 1992թ. Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է եղել, զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ