News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում  Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը պատմում է ՀՀ դեսպանության գործունեության, հայ-կանադական հարաբերությունների ու հայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, Կանադայում ՀՀ դեսպանությունըգործում է 1995թ.-ից: Ներկայացրեք այդ ժամանակահատվածում դեսպանության կատարած աշխատանքները:

Կանադայում ՀՀ դեսպանությունը հիմնադրվել է նորանկախ Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների բացման երկրորդ ալիքի շրջանակներում: Հայաստանի արտաքին հարաբերությունների ուղեծրում Կանադան կարեւոր դեր ունի. այն Մեծ Յոթնյակի անդամ է, աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից է եւ խոշոր ու ազդեցիկ հայկական համայնք ունի:

Կարող ենք բաժանել իրականացված աշխատանքը չորս հիմնական ճյուղերի: Առաջնային ճյուղն, իհարկե, քաղաքականն է: Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները 1992թ. ի վեր կայուն զարգացման ճանապարհին են եղել: Այս կապակցությամբ նշեմ, որ հավատարմագրերիս պատճենը հանձնելու առթիվ Կանադայի նախկին արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդից, որպես հուշանվեր, ստացա ՀՀ եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ ստորագրված համատեղ հռչակագրի օրինակը: Փաստաթուղթն այսօր հանդիսավոր կերպով փակցված է դեսպանությունում` որպես երկկողմ կապերի «ծննդյան վկայական»:

Օտտավայի պատմամշակութային ժառանգության մաս կազմող Կանադայում ՀՀ դեսպանության շենքը

Հայ-կանադական կապերը մշտապես աչքի են ընկել իրենց բարեկամական կեցվածքով, սակայն վերջին մի քանի տարիներին ականատես ենք քաղաքական երկխոսության աճի: Կառավարական տարբեր օղակների հետ հաստատված գործընկերային կապերի, ընդհանուր դրական տրամադրվածության եւ համագործակցության առավել խորացման ճանապարհների փնտրտուքի շնորհիվ վերջին երեք տարիներին Երեւան այցելեց կանադական հինգ պատվիրակություն, որոնցից երկուսը` կարեւոր պաշտոններ զբաղեցնող նախարարների գլխավորությամբ: Միեւնույն ժամանակ, միայն այս տարի մենք Կանադայում ընդունեցինք նախարարներ Երվանդ Զախարյանին ու Հրանուշ Հակոբյանին, եւ, որպես վերջին զարգացումների գագաթնակետ,մայիսին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը: Չափազանց պարտավորեցնող է այն դրական վերաբերմունքը, որ հայկական կողմը զգում է կանադացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում: Շատ գնահատումենք Կանադայի բարեկամությունը:

Անհրաժեշտ է առանձնացնել Կանադայի հետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Կանադան կազմակերպությանը Հայաստանի անդամակցության ամենաեռանդուն աջակիցներից էր եւ մեծապես օժանդակել է մեզ Ֆրանկոֆոնիային առնչվող բազմապիսի հարցերում, այդ թվում` այս տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական խորհրդի իրականացմանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցի շրջանակներում հանդիպում Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ

Երկրորդ ճյուղը տնտեսականն է: Երկկողմ տնտեսական փոխհարաբերությունները դեռ 1990-ական թվականներից կենտրոնացած եւ բավականին ակտիվ էինհանքարդյունաբերության ոլորտում: Օրինակ` Հայաստանի խոշորագույն հանքարդյունահանողներից` Կապանի «DundeePreciousMetals»-ը, նախկինում`«DinoGoldMining», կանադական ընկերություն է: Ակնկալում ենք կանադական ակտիվ մասնակցություն Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին մեր երկու երկրների առեւտրատնտեսական կապերը դիվերսիֆիկացվում են, եւ դեսպանությունը շեշտադրումը դնում է առաջին հերթին բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա:

Երրորդ ճյուղը, որի վրա դեսպանությունը մեծ շեշտ է դրել իր գործունեության տարիներին,մշակութայինն է: Դեսպանության շենքի ընձեռած հնարավորություններն օգտագործելով` տարեկան տասնյակ մշակութային միջոցառումներ ենք կազմակերպում` համերգներ, ֆիլմի ցուցադրություններ, գրքի շնորհանդեսներ եւ այլն:Հայ համայնքի հետ համագործակցության արդյունքում բազում մշակութային միջոցառումներ են կազմակերպվում նաեւ հայաշատ Մոնրեալ, Տորոնտո քաղաքներում: Իրոք, դեսպանությունը կարեւոր նշանակություն է տալիս հայկական մշակույթի, արվեստի հանրահռչակմանը եւ ուրախ ենք, որ այս ուղղությամբ մեր աշխատանքը լավ արձագանք է ստանում տեղի բնակչության մոտ:

Եվ, վերջապես, դեսպանությունը հիմնադրման օրվանից հյուպատոսական ծառայություններ է մատուցել: ՀՀ քաղաքացիների համար մատուցվող անձնագրային, նոտարական եւ այլ ծառայությունները դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի անբաժան մասն են կազմում:

Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում` հայ-կանադական գործարար շրջանակների միջեւ կապերն ակտիվացնելու նպատակով:

Ինչպես արդեն նշեցի, Կանադան ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում դեռ 1990-ականներից: Տնտեսական բնույթի հանդիպումներ ունենալիս միշտ նշում եմ, որ մենք շնորհակալ ենք այն գիտելիքների ու բնապահպանական պատասխանատվության համար, որ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում ներդնում են կանադական ընկերությունները: Սակայն մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչի ընդլայնման հրամայականը մշտապես սեղանի վրա է եղել: Այսօր ուրախությամբ կարող եմ նշել, որ ակտիվանում են առեւտրատնտեսական կապերը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում:

Դեսպանության առօրյա գործունեության կարեւորագույն ուղղություններից է ՀՀ շուկայի ներկայացումը Կանադայի գործարար շրջանակներին: Այս ուղղությամբ աշխատանք է տարվում ինչպես Կանադայի արտաքին գործերի ու միջազգային առեւտրի գերատեսչության, այնպես եւ տարբեր ընկերությունների, կազմակերպությունների, առանձին գործարարների հետ: Գործադրումը տարբեր դրսեւորումներ կարող է ունենալ` սկսած մասնավոր զրույցից ու գործարար քննարկումից մինչեւ մասնակցություն տնտեսական բնույթի գիտաժողովների ու քննարկումների:

Տնտեսական կապերի խթանման, առեւտրաշրջանառության զարգացման ուղղությամբ մենք ակտիվորեն համագործակցում ենք նաեւԿանադայի երկու ամենախոշորքաղաքներում` Տորոնտոյում եւ Մոնրեալում գործող Կանադա-Հայաստան գործարար խորհուրդների հետ, որ կազմված են ինչպես կանադահայ, այնպես էլ կանադացի գործարարներից:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց համատեղ հռչակագիր երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև

Այս տարվա մարտ ամսին կայացավ առաջին կանադական առեւտրական առաքելությունը Հայաստան, որին մասնակցեց 13 ընկերությունների շուրջ 20 ներկայացուցիչ: Բազում դրական արձագանքներ ենք ստացել առաքելության արդյունքներում եւ առաջիկայում ակնկալում ենք նոր կանադական ընկերությունների մուտք հայկական շուկա:

1995թ. մարտին Կանադայում ՀՀ դեսպանությունը դարձավ երրորդ օտարերկրյա ներկայացուցչությունը, որ զբաղեցրեց Օտտավայի պատմական ժառանգության մաս կազմող շենքը: Ներկայացրեք շենքի պատմությունը: Ինչպե՞ս ստացվեց, որ շենքն անցավ դեսպանության ենթակայության տակ:

Դեսպանության շենքը կառուցվել է դեռ 1907թ. եւ պատկառելի տարիք ունի: Շենքի դիվանագիտական «ավանդույթներն» էլ վաղեմի են. Ուրուգվայի դեսպանությունն այստեղ է տեղակայված եղել դեռ 1920-ականներին: Երկրորդ դիվանագիտական ներկայացուցչությունն էլհունգարականն էր, որ զբաղեցնում էր շենքը 1965-1995թթ.:

Մեծ է ավանդը ականավոր ամերիկահայ գործարար եւ բարերար Սարգիս Հակոբյանի, ում նվիրատվության շնորհիվ է, որ այսօր այս գեղեցիկ շենքը հանդիսանում է ՀՀ կառավարության սեփականությունը:Օգտվելով առիթից` նաեւ կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում կանադահայ բարերաներին, ինժեներներին, ովքեր ապահովեցին նոր ձեռք բերված շենքի ամբողջական վերանորոգումն ու կահավորումը:

Շենքի դիմաց 2002թ.-ից տեղակայված է «Անմահ Հայաստան» հուշարձանը, որ քանդակել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Քանդակել է հենց դեսպանության դիմաց ու հայկական տուֆից:

Նշեմ նաեւ, որ 2005թ. վերանորոգումից հետո շենքը հարստացել է Արարատի բարձրաքանդակով:

Դեսպան Արմեն Եգանյանը Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի հետ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո

Հայտնի է, որ Կանադայում հայերը կենտրոնացած են հիմնականում Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքներում: Խոսենք հայ համայնքի մասին: Ինչպիսի՞ պատմություն ունի այն, եւ որո՞նք են համայնքին հուզող հիմնական խնդիրներն այսօր:

Կանադայի հայ համայնքը շատ բազմազան է. շուրջ 90.000 հայ է ապրում` սփռված Վանքուվերից մինչեւ ՔվեբեքՍիթի, սակայն, ինչպես նշեցիք, կենտրոնացած Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքներում: Երկրում գործում են 15-ից ավելի հայկական եկեղեցիներ, երեք ավանդական կուսակցությունները, ակտիվ լոբբիստական կազմակերպություններ, տասնյակ-տասնյակ մշակութային, կրթական, հայրենակցական եւ այլ միություններ: Պետք է հատուկ նշեմ հայկական դպրոցները Մոնրեալ ու Տորոնտո քաղաքներում, որոնց թվում երկու խոշորները հազարից ավելի աշակերտ ունեն: Սա իսկապես առանձնահատուկ սխրանք է համայնքի կողմից: Դեռ 1900-ականների սկզբից ձեւավորված եւ 20-րդ դարի 60-70-ականներին խոշորացած ու առավել ամրապնդված հայ համայնքը ոչ միայն պահպանել է իր ազգային նկարագիրը, այլեւ լեզուն` հենց դպրոցների շնորհիվ:

Կանադայի հայ համայնքի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ երկու ազգերի համար հպարտություն արթնացնող այնպիսի անունների, ինչպիսիք են ՅուսուֆՔարշն ու Մալեկ Քարշը, Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը, Իզաբել Բայրակդարյանն ու ԱլինՔութանը եւ շատ այլք: Այսպիսի աստղաբույլը բնական կամուրջ է մեր երկու պետությունների միջեւ:

Անխոս, դեսպանությունը բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ ունի կանադահայկականբոլոր կազմակերպությունների, միությունների կամ ընկերակցությունների հետ: Համագործակցության սպեկտրը ծավալուն է` մշակութային, համայնքային միջոցառումների համատեղ իրագործումից մինչեւ լոբբիստական կամ, այսպես կոչված, «գրասռութս» կարողությունների կիրառում:

Հայկական համայնքն ամբողջովին ինտեգրված է Կանադայի կյանքին. ունեցել ենք հայ պատգամավոր, հայազգի պաշտոնյաներ ունենք դաշնային, նահանգային, քաղաքային մակարդակներում: Համայնքը թեեւ մեծաքանակ չէ, սակայն ազդեցիկ է եւ հարգված:

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփըրի հետ

Տարիներ շարունակ համայնքի առաջնային խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումն էր, որի շուրջ աշխատանքներն իրենց գագաթնակետին էին հասել դեռեւս 2006թ., երբ վարչապետ Սթիվեն Հարփըրը գործադիր մակարդակով ճանաչեց Ցեղասպանությունը: Ներկայումս քաղաքականապես ակտիվ կանադահայության համայնապատկերում են, օրինակ ,սիրիահայությանն օգնության տրամադրումը, երկու երկրների միջեւ առեւտրի զարգացումը, Թուրքիայի հայկական եկեղեցիների վերադարձը եւ այլն:

Դուք նաեւ ՀՀ մշտական ներկայացուցիչն եք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում, որի կենտրոնակայանը տեղակայված է Մոնրեալում: Որքանո՞վ է Հայաստանը ներգրավված այդ կազմակերպության աշխատանքներին, եւ ինչպիսի՞ համատեղ նախագծեր են իրականացվում ներկայումս:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ մասնագիտացված կառույցներից է, որի աշխատանքի հիմնական նպատակը համաշխարհային քաղավիացիայի ոլորտի կարգավորումն է` հիմնված 1944թ. Չիկագոյի կոնվենցիայի դրույթների վրա: Համագործակցությունը ՔԱՄԿ հետ հենց այս ուղղությամբ է իրականցվում: Մասնագիտացված գերատեսչությունն, իհարկե, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է, որն ակտիվ համագործակցում է ինչպես կենտրոնակայանի, այնպես էլ Փարիզում գտնվող եվրոպական տարածաշրջանային մարմնի հետ:

Դեսպանությունն էլ գործընկերային հարաբերությունների մեջ է կազմակերպության ղեկավարության հետ, ում հետ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկում է ՀՀ քաղավացիայի ոլորտի զարգացման հեռանկարները:

Դուք նախկինում դիվանագիտական պաշտոններ եք զբաղեցրել տարբեր երկրներում: Ինչո՞վ է Ձեզ համար առանձնանում Կանադան:

Առաջին գործուղումս եղել է Մոսկվա, ապա երկու անգամ Վաշինգտոնում եմ ծառայել: Կանադայում առաջին անգամ է, որ աշխատում եմ դեսպանի կարգավիճակով, եւ հիմնական առանձնահատկությունը հենց դրանում է:

Դիվանագիտական ներկայացուցչություն ղեկավարելն, իհարկե, մեծ պատասխանատվություն է: Սակայն, միեւնույն ժամանակ, դա տալիս է երկկողմ հարաբերությունների բարելավման ու զարգացման ուղղությամբ հարաբերականորեն ազատ ու ստեղծագործ աշխատանք իրականացնելու լայն հնարավորություններ:

Պարո՛ն դեսպան, տարին առանձնահատուկ է նրանով, որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են կայացել եւ կայանալու այդ առթիվ Կանադայում:

Կանադայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանն ուղղված աշխատանքները սկսվեցին դեռեւս 2012թ.: Դեսպանությունում կազմակերպվեց կանադահայ համայնքի բոլոր կառույցների ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հանդիպումը, որի արդյունքում կազմավորվեց տարելիցի միջոցառումները համակարգող մարմինն ու դրա գործադիր կազմը: 2014թ. աշնանից սկսած` տասնյակ քաղաքական, գիտական եւ մշակութային միջոցառումներ են կազմակերպվելերկրով մեկ, դեռ շատերն էլ ակնկալվում են տարվա ընթացքում:

Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենիի հետ ՀՀ դեսպանությունում` ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի տոնակատարությանը 

Որպես լայնածավալ միջոցառումներ`կառանձնացնեի Տորոնտոյում կայացած շուրջ 5000 հոգանոց երթն ու քաղաքի սրտում գտնվող «ՄետրոպոլիտանՅունայթեդ» եկեղեցում մատուցված էկումենիկ պատարագը` Տորոնտոյի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Քոլլինսի գլխավորությամբ, Օտտավայում կայացած 8.000 հոգանոց ցույցը եւ Մոնրեալում կայացած 10.000 հոգանոց ցույցն ու էկումենիկ պատարագը Սուրբ Ժոզեֆ տաճարում` Մոնրեալի կաթոլիկ առաջնորդ, արքեպիսկոպոս Լեպինի գլխավորությամբ: Օտտավայում կազմակերպեցինք նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը դիվանագիտական կորպուսի եւ պետական պաշտոնյաների համար` ռեժիսորի ու իր տիկնոջ` դերասան Արսինե Խանջյանի մասնակցությամբ:

Կանադայի կառավարության ու հայ համայնքի հետ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում կանադական խորհրդարանընոր բանաձեւ ընդունեց, որով վերահաստատեց իր 2004թ. բանաձեւով Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ ապրիլի 24-ը հաստատեց` որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Հատկանշական է, որ բանաձեւը միաձայն ընդունվեց հենց ապրիլի 24-ին, երբ հազարավոր հայեր մայրաքաղաքում էին` ոգեկոչելու 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

2015թ. ընթացքում տեղի ունեցան նաեւ գիտական միջոցառումներ Տորոնտոյի համալսարանում եւ Մոնրեալի«ՄկԳիլ» համալսարանում` ցեղասպանագիտության ոլորտում Կանադայի խոշորագույն մասնագետների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին նմանատիպ միջոցառումներ տեղի կունենան մայրաքաղաք Օտտավայում եւ Մոնքտոն քաղաքում: Առաջիկայում սպասվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող այլ միջոցառումներ` ներառյալ ֆիլմերի, արխիվային լուսանկարների ցուցադրություններ, համերգներ, գրքի շնորհանդես, մարաթոն եւ այլն: Ընդհանուր առմամբ, Կանադայում նախատեսված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վեց տասնյակից ավելի խոշոր միջոցառումներ, որոնց առյուծի բաժինն արդեն իսկ տեղի է ունեցել:

Դեսպանի առօրյան խիստ հագեցած է, իսկ աշխատանքային գրաֆիկը` լեցուն: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Իսկապես երջանիկ եմ, որ վայելում եմ ընտանիքիս անդամների լիակատար աջակցությունը: Ինչպես նախկին գործուղումների ժամանակ, կինս` Մարիան, եւ երեք որդիներս ինձ ուղեկցեցին Կանադա: Մարիան խորապես ընդգրկվել է դեսպանության աշխատանքներին գործուղման առաջին իսկ օրերից` մեծածավալ աշխատանք կատարելով մշակութային ծրագրերի իրականացման մեջ: Կանադայում աշխատանքի շուրջ չորս տարիների ընթացքում արդեն իսկ մի քանի տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել նրա ակտիվ մասնակցությամբ ոչ միայն դեսպանությունում, այլեւ մի շարք այլ քաղաքներում` համայնքային կառույցների հետ համատեղ:

Ավագ որդիս` Գեւորգը, մի քանի ամիս առաջ վերադարձավ ՀՀ զինված ուժերում ծառայությունից եւ ներկայումս քաղաքագիտություն է ուսանում Օտտավայի «Քարլտոն» համալսարանում: Մոտ օրերս իր զինվորական ծառայությունն է սկսելու միջնեկ տղաս` Նիկողայոսը:

Մեր փոքրիկ որդին էլ տասնամյա Լեւոնն է: Նշեմ, որ «Լեգոյի» մեծ մասնագետ է:

Այս հարցն ուղղում ենք խորագրի շրջանակում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Կարծում եմ, որ դիվանագետի համար կարեւորագույն բնութագիրը հայրենասիրությունն է եւ սեփական հարուստ մշակույթի հանրահռչակման ցանկությունը: Միեւնույն ժամանակ դիվանագիտությունը, հատկապես ժամանակակից դիվանագիտությունը չափազանց լայն հասկացություն է, դիվանագետի կյանքը` բազմազան: Չեմ կարծում, որ մեկ կիրառական խորհուրդնընդհանրական կլինի մասնագիտության բոլոր ասպարեզներում,սակայն առաջին հերթին կոչ կանեիլինել լայնախոհու բաց նոր գաղափարների համար: Մասնագիտությունը դիվանագետին կարող է հրամցնել ամենալիբերալ երկրի ազատության մեծ չափաբաժինը, իսկ մեկ կամ երկու տարի հետո փոխարինել այն զսպվածության ծանրկապանքներ դնող մշակույթով: Դիվանագետը պետք է պատրաստ լինի իրեն ինչպես տանը զգալ աշխարհի ցանկացած երկրում, պետք է կորովն ունենա`ադապտացվելու ցանկացած քաղաքակրթության:

Արմեն Եգանյան (կենսագրական տվյալներ 

Ծննդյանթիվն ու վայրը

1968թ., ք. Թբիլիսի, Վրաստան

Կրթությունը

1985-1987թթ. Լենինգրադի պետական համալսարան, մասնագիտացումը` նոր եւ նորագույն պատմություն

1989-1992թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մասնագիտացումը` Հայ ժողովրդի պատմություն

1987-1989թթ. Ծառայություն զինված ուժերում

Դիվանագիտականգործունեությունը

1995-1996թթ. կցորդ, ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչություն

1996-1997թթ. Երրորդ քարտուղար, ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

1997-2000թթ. Երրորդ քարտուղար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

2000-2003թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում առաջին քարտուղար, բաժնի վարիչ, վարչության պետի պաշտոնակատար

2003-2006թթ. խորհրդական, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

2007-2011 ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ

2011- Կանադայում ՀՀ դեսպան, Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Անդամակցություն

2002-2003թթ. Մարդկանց Թրաֆիքինգի Հարցերով Ազգային Խորհուրդ,
2007-2011թթ. Տնտեսական Համագործակցության Հարցերով Հայ-Ամերիկյան Հանձնաժողով (քարտուղար)

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար

Օտար լեզուները

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երեք որդի

Զրույց դեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույց դեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ