News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս

Նիկոլայ Սարկիսովը պատմում է հյուպատոսության գործունեության, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու հայ համայնքի մասին։

Պարո՛ն Սարկիսով, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բոլորովին վերջերս է հիմնվել: Ներկայացրեք այս կարճ ժամանակահատվածում գլխավոր հյուպատոսության կատարած աշխատանքները:

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հիմնադրվեց 2013թ. դեկտեմբերին, սակայն ամբողջական ծավալով սկսեց գործել 2014թ. հունվարից: Հյուպատոսություն հիմնելու գաղափարն առաջացավ՝ ելնելով Ռոն-Ալպում, ինչպես նաեւ հարակից մյուս շրջաններում՝ Օվերնում, Լիմուզանում, Պուատու-Շարանտում եւ Աքիթենում բնակվող հայկական բազմահազարանոց համայնքի ներկայությունից: Նշեմ, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ Ֆրանսիա հասած հայերի մի ստվար հատված հաստատվեց Ֆրանսիայի հենց այս հատվածում: Եվ այդ առումով Լիոնը եւ Ռոն-Ալպի տարածաշրջանը կարեւոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների եւ բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։

2014թ. հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոնի, Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբի, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ հանդիսավոր կերպով բացվեց Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Գլխավոր հյուպատոսության գործունեության նպատակներից է այս տարածաշրջանում հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների առավել զարգացման ու խորացման գործում բոլոր բնագավառներում հստակ ներդրում ունենալը: Այս ժամանակահատվածում հյուպատոսությունը կազմակերպեց եւ աջակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի, ՀՀ գյուղատնտեսության, սփյուռքի նախարարների, Երեւանի քաղաքապետի, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի այցելությունները Ռոն-Ալպ շրջան` Լիոն, Վալանս, Բուր լե Վալանս քաղաքներ: Ֆրանիայում ԼՂՀ ներկայացուցչի հետ սերտ համագործակցության արդյունքում հյուպատոսությունն աջակցություն ցուցաբերեց Ռոն-Ալպ շրջանում Արցախին եւ արցախահայության խնդիրներին լրացուցիչ տեսանելիություն ու հնչեղություն հաղորդելու նպատակին։

Ջերմ համագործակցություն է ստեղծվել Լիոնի, ինչպես նաեւ հարակից քաղաքների՝ Վիլյորբանի, Դեսինի, Վիենի, Գրենոբլի քաղաքային իշխանությունների, Ռոն-Ալպի պրեֆեկտուրայի հետ: Հյուպատոսությունն արդեն երկրորդ տարին է, ինչ ակտիվորեն ներգրավված է Լիոնի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող «Հյուպատոսական տոներ» միջոցառմանը: Այս միջոցառումն, ի դեպ, հիանալի առիթ է լիոնցիներին եւ Լիոն այցելած զբոսաշրջիկներին ներկայացնելու մեր երկրի մշակույթն ու պատմությունը, երաժշտությունն ու խոհանոցը:

Հյուպատոսությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հատկապես հայ-ֆրանսիական տնտեսական կապերը, որոնց հետագա խորացումն այսօրվա հրամայականն է։

Հիմնականում ինչպիսի՞ հյուպատոսական ծառայություններ ստանալու համար են դիմում ՀՀ քաղաքացիները:

Ֆրանսիայի այս հատվածում բնակվող ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին արագ եւ պատշաճ հյուպատոսական ծառայությունների մատուցումը մեր աշխատանքային գործունեության գլխավոր նպատակներից մեկն է: Վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած հայերը մեծ թիվ են կազմում այստեղ: Նրանք, ովքեր ունեն ֆրանսիական իշխանությունների թույլտվությունը` բնակվելու Ֆրանսիայի տարածքում, կարողացել են քիչ թե շատ կայանալ եւ կազմակերպել իրենց առօրյա կյանքը: Հիմնականում դիմում են նոր անձնագիր ստանալու կամ անձնագրի օտար երկրներում վավերականության ժամկետի երկարաձգման, ամուսնության կարգավիճակի, դատվածություն չունենալու մասին տեղեկանքներ ստանալու եւ այլ գործողությունների համար: Պետք է նշեմ, որ արդեն կայուն գործող էլեկտրոնային հյուպատոսություն համակարգը դյուրացրել եւ արագացրել է հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցման գործընթացը՝ առաջ բերելով քաղաքացիների գոհունակությունը: Մեր հյուպատոսությունը դեռեւս չի անցել կենսաչափական անձնագրերի տրամադրմանը, սակայն դա հնարավոր կլինի շուտով՝ այս տարվա վերջին կամ գալիք տարվա սկզբին:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Լիոնի եւ ՀՀ տարբեր քաղաքների միջեւ ապակենտրոնացված համագործակցություն զարգացնելու ուղղությամբ:

Ռոն-Ալպի շրջանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մեջ ներգրավված քույր քաղաքների թիվն ավելացնելու, համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ անելիքներ կան։ Ներկա դրությամբ Լիոն-Երեւան, Վիլյորբան-Աբովյան, Վիեն-Գորիս, Դեսին-Ստեփանավան, Գրենոբլ-Սեւան քաղաքների միջեւ հաստատվել են զարգացման դրական դինամիկայով համագործակցություն, որի շրջանակներում իրականացվում են փոխայցելություններ տարածքային կառավարման մարմինների միջեւ, մշակույթի, տուրիզմի եւ կրթության ոլորտներում համատեղ միջոցառումներ: Վերջերս Գրենոբլ քաղաքի պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ Սեւան քաղաքի հետ տուրիզմի զարգացման ծրագրեր իրականացնելու առաքելությամբ: 2006թ. ի վեր երկու քաղաքների միջեւ իրականացվող համագործակցությունը նպատակ ունի զարգացնել զբոսաշրջությունը` միաժամանակ խթանելով տնտեսական զարգացումն ու շրջակա միջավայրի պահպանությունը: Արցախի հետ նույնպես առկա է համագործակցություն` Վիեն քաղաքի եւ Հադրութի քույրացման շրջանակներում:

Ապակենտրոնացված համագործակցության մեջ անհրաժեշտ է խթանել տնտեսական բաղադրիչը, ինչը էական նշանակություն ունի հատկապես Երեւանից դուրս՝ գյուղական շրջանների, ինչպես նաեւ սահմանամերձ գոտու տնտեսական զարգացման, այդ շրջաններում փոքր ձեռնարկությունների հիմնման միջոցով աշխատատեղեր ստեղծելու համար:

Այս համատեքստում լայն հեռանկարներ է ընձեռում ֆրանկոֆոնիայի հանգամանքը, որի շուրջ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր ապակենտրոնցված համագործակցության շրջանակներում։

Ռոն-Ալպ տարածաշրջանի ամենամեծ հայ համայնքներից մեկն էլ Լիոնի համայնքն է` Լիոնին կից փոքր քաղաք-ավաններում` Դեսինում, Վիլյորանում, Բրոմում, բնակվող հայերով հանդերձ: Որո՞նք են համայնքին հուզող հիմնական խնդիրներն այսօր:

Լիոնի հայկական համայնքը սկսել է կազմավորվել 1923թ., երբ, ինչպես արդեն նշեցի, Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր հաստատվեցին Ֆրանսիայում: Սակայն Լիոնում բնակություն հաստատած առաջին հայը Ռաֆայել-Արամ Տեր Զաքարյանն էր, ով 1877թ. եկել էր Կոստանդնուպոլսից եւ զբաղվում էր ոսկեթելի արտադրությամբ:

Մեծությամբ Փարիզից հետո Ֆրանսիայի երկրորդ քաղաքը հանդիսացող Լիոնը բազմազգ է, իսկ հայերն այստեղ, ըստ չճշտված տվյալների, մոտ 40000 են: Լիոնում Ցեղասպանությունից հետո բնակություն հաստատած հայերն իրենց  գործուն մասնակցությունն ունեն հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում:

Լիոնի հենց կենտրոնում գտնվող Հայաստանի փողոցում է գտնվում Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցին, որտեղ պարբերաբար եւ հատկապես ազգային տոների օրերին մեծ միջոցառումներ են կազմակերպվում հայկական համայնքի մասնակցությամբ: Այստեղ, ինչպես նաեւ մյուս հայաշատ քաղաքներում, գործում են հայ մշակութային կենտրոններ, Հայ Առաքելական եկեղեցու թեմեր, հայ կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցիներ: Լիոնում է գտնվում Մարգարյան-Փափազյան հայկական դպրոցն ու նախակրթարանը, հայկական բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, «France-Armenie» ամսագրի խմբագրատունը, «Նաիրի» պարի համույթը, Դեսինում՝ հայկական ռադիոն, որն արդեն վաղուց նաեւ ֆրանսիացիների սիրած ռադիոալիքն է դարձել:

Կցանկանայի կարեւորել նաեւ այն հանգամանքը, որ արդեն մի քանի տարի է, ինչ Մշակութային համալիր-կենտորններ են հիմնվել Դեսինում ու Վալանսում, որոնց գործունեությունը միտված է առավել մեծ հնչեղություն հաղորդելու ինչպես հայությանը հուզող խնդիրներին, այնպես էլ մեր ժողովրդի մշակույթին, ավանդույթներին ու պատմությանը։

Պարո՛ն Սարկիսով, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են կայացել եւ կայանալու այդ առթիվ Լիոնում:

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Հարյուրամյակի ծրագրերի իրականացման նպատակով Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ համակարգված եւ սերտորեն աշխատել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖԿՀԽ) տարածքային պատասխանատուների հետ (Փարիզ, Լիոն): Ապրիլի 24-ին Լիոնի Հայ Առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին նաեւ Վալանսում, Սենտ-Էտիենում, Գրենոբլում, Դեսինում եւ Ռոն-Ալպ շրջանի մի քանի տասնյակ այլ բնակավայրերում գտնվող հայկական եկեղեցիներում: Լիոնում պատարագից հետո տեղի ունեցավ քայլերթ դեպի Լիոնի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ զետեղեցին Լիոնի քաղաքապետը, տեղական եւ տարածքային համայնքների ղեկավարները, հայկական կազմակերպությունները, որին հաջորդեցին ելույթները:

Ընդհանրապես, ողջ տարվա ընթացքում իրականացվել եւ շարունակում են իրականացվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, համերգներ, որոնցից կցանկանայի նշել ապրիլի 24-ի երեկոյան ֆրանսահայ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի՝ Արաբելա Շտեյնբահերի հետ համատեղ համերգը Լիոնի Աուդիտորիումի լեփ-լեցուն դահլիճում, ինչպես նաեւ «System of a Down» հանրահայտ ռոք խմբի բազմահազարանոց համերգը, որը շատ մեծ հնչեղություն եւ լրացուցիչ տեսանելիություն հաղորդեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հոկտեմբերի 9-ին Լիոնի Աուդիտորիումում նախատեսվում է հանրահայտ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգը Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Լույս ի Լուսո» համերգային շրջագայության շրջանակներում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նախաձեռնել է եւս մեկ միջոցառում, որի մասին, սակայն, այս պահին դեռեւս չէի ցանկանա մանրամասնել:

Այս տարի` մարտի վերջերին, անհայտ անձանց կողմից պղծվել էր Լիոնի կենտրոնական հատվածում` Բելքուղի հրապարակում, կանգնեցված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշակոթողը: Արդյո՞ք իրավապահ մարմինների  կողմից հետաքննություն անցկացվել է այդ միջադեպի կապակցությամբ, եւ եթե այո, ի՞նչ է պարզվել:

Լիոնի հայության համար 21-րդ դարամուտը նշանավորվում է քաղաքի կենտրոնում Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների զոհերին նվիրված հուշարձանի կառուցմամբ, որն իրականություն դարձավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անմիջական աջակցությամբ: Հուշակոթողի բացումը կայացավ 2006թ.:

Այն բանից հետո, երբ հյուպատոսությունը հայտնաբերեց հուշարձանի պղծումը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի Լիոնի մասնաճյուղի կողմից անմիջապես հայտ ներկայացվեց ոստիկանություն, տեղեկացվեցին քաղաքային իշխանությունները, համայնքային բոլոր կառույցները, մամուլը:

Իրավապահ մարմինների կողմից սկսվել է հետաքննություն, սակայն, այս պահի դրությամբ, գործը դեռեւս ընթացքի մեջ է գտնվում:

Դիվանագետի աշխատանքը բարդ ու ժամանակատար է: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները:

Իսկապես, ժամանակը երբեք չի հերիքում: Լինելով բազմազբաղ անձնավորություն եւ հասկանալով, որ գործերը թույլ չեն տալիս, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեմ հարազատներիս հետ, փորձում եմ այդ բացը ծածկել առաջին իսկ հնարավորության դեպքում` ջերմ ու հոգատար միջավայր ստեղծելով մեր շուրջը: Ունեմ մեծ ընտանիք, որին անչափ սիրում եմ եւ փորձում  եմ  տալ նախ իմ սերը, հետո մնացած ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքում հաջողության հասնելու համար:

Այս հարցն ուղղում ենք խորագրի շրջանակում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Ինչպես ասում են, կրթությունն այսօր՝ ներդրումն է ապագայում: Լավ կրթությունը, բազմակողմանի տեղեկացվածությունը, արվեստի, երաժշտության տարբեր ժանրերի իմացությունը, սպորտը դարձնում են մարդուն եւ հատկապես դիվանագետին առավել ուժեղ, ինքնավստահ: Ներքին ազատությունը, համարձակությունը, արժանապատվությունը նույնպես անհրաժեշտ որակներ են: Սակայն, իմ կարծիքով, ամենակարեւոր մղիչ ուժը դա սերն է սեփական երկրի եւ ժողովրդի հանդեպ: Առանց սիրո նույնն է, ինչ լավ զինված զինվորն առանց մարտական ոգու:

Նիկոլայ Սարկիսով (կենսագրական տվյալներ)

Ծնվել է 1968թ. Կուբայում:

Դպրոցն ավարտելուց հետո 1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1988-1993թթ. սովորել է Կառավարման պետական համալսարանում` մենեջմենտ մասնագիտությամբ:

Ուսումն ավարտելուց հետո աշխատել է տարբեր ընկերություններում որպես տնտեսագետ:

1996-2010թթ. զբաղեցրել է «Reso-Garantia» ընկերության փոխտնօրենի պաշտոնը:

2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս:

Տիրապետում է անգլերեն ֆրանսերեն լեզուներին:

Նիկոլայ Սարկիսովը 6 երեխաների հայր է: 

Զրույց դեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ