Կարս նահանգի Տեկոր գավառում գտնվող 5 եկեղեցիներից կազմված Խցկոնք համալիրը թողնվել է ճակատագրի քմահաճույքին: Տեկորից 5 կմ հեռավորության վրա գտնվող սույն 5 եկեղեցիներից միակ կանգուն մնացածը` Սուրբ Սարգիս եկեղեցին, եւս անհետ կորչելու վտանգի տակ է:
Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, Խցկոնքի Սուրբ Սարգիս եկեղեցին, միջոցներ չձեռնակվելու պարագայում, կարճ ժամանակ անց վերջնականապես կվերանա` մյուս 4 եկեղեցիների նման: Գրեթե ախոռի վերածված այս եկեղեցու պատերը փլված են, իսկ քարերը` քանդված ու տարված տեղի բնակիչների կողմից, որոշ հատվածներն էլ` ավիրված գանձ որոնողների կողմից:
Տեկորում գտնվող այդ 5 եկեղեցիները հետևյալն են` Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս: Այս 5 եկեղեցիներն ընդգրկող վանական համալիրը լքվել էր 13-րդ դարում` մոնղոլների արշավանքներից հետո:
1878 թ., երբ Կարսի մարզն անցել էր ռուսական տիրապետության տակ, վանական համալիրը վերանորոգվել էր և վերաբացվել: