Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անկարայում անցկացված հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը։

Բանակցությունները տեղի են ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի նախագահական համալիրում։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Աստանան մտադիր են ամրապնդել ընդլայնված ռազմավարական գործընկերությունը՝ զարգացնելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ առևտրի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության բնագավառներում։

Թուրքիայի ղեկավարը նաև խոստացել է Թուրքիայի նախագահության ընթացքում նպաստել Թյուրքական պետությունների կազմակերպության ամրապնդմանը՝ ընդգծելով այդ հարցում Ղազախստանի հետ սերտ համերաշխության կարևորությունը։

Բացի դրանից, Էրդողանը Տոկաևին հրավիրել է մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 11–12-ին Անթալիայում։