Կզակի շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատներին արդեն մի քանի օր է` ինչ-որ կին է այցելում եւ ներկայանում իբրեւ Գայանե Սարգսյան, ասում, որ աշխատում է զորամասերից մեկում, ճանաչում է Գեւորգին եւ նրան ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող կապիտան Մհեր Ոսկանյանին եւ շարքային Հարութ Մուրադյանին:  NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, որ կինը իրենց շատ տարօրինակ է թվում, նրա հագուստից եւ խոսելու ձեւից  ակնհայտ է, որ «ինչ-որ մեկի կողմից ուղարկված թեթեւաբարո կին է»:

«Ժարգոնով խոսող ու վուլգար հագուստով կին է, որն ամեն անգամ այնպես է խոսում, կարծես ուզենա Հարութին արդարացնի, իսկ կապիտանին մեղավոր հանի: Ասում ա, որ Հարութը լավ տղա էր, չէր կարա այդպիսի բան անել, բայց կապիտանից ամեն ինչ էլ կարելի է սպասել»,-ասաց հարազատը` նշելով, որ կնոջ այցելության մասին արդեն տեղյակ են պահել Գեւորգի ինքնասպանության գործով զբաղվող քննիչին:

Մեզ հետ զրույցում Գեւորգի հարազատը նշեց, որ Գեւորգին ինքնասպանության հասցնելու գործով մեղադրվող շարքային Հարութ Մուրադյանը եղել է Գեւորգի մտերիմ ծառայակից  ընկերներից մեկը, որի պահվածքը երբեք դուր չի եկել Գեւորգի հարազատներին:

Նշենք, որ դեկտեմբերի 22–ին Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում հաստատել է ավելի վաղ NEWS.am–ի հրապարակած տեղեկությունը, որ ողբերգությունը սկսվել է կապիտան Ոսկանյանի կազմակերպած թղթախաղից։ Կապիտանը պայման է դրել, որ պարտվողը պետք է 7 օր ճաշարանի կերակուրի ավելցուկը հավաքի եւ կերակրի զորամասի մոտ գտնվող անասնագոմում պահվող իր խոզերին։ Շարքայինները պարտվել են եւ կատարել պայմանը։ Քննչական կոմիտեն հաստատել է նաեւ NEWS.am–ի հաղորդած այն տեղեկությունը, որ ինքնասպանությունից առաջ Գեւորգի նկատմամբ բռնություն է գործադրվել. Քննությամբ պարզվել է, որ շարքային Հարութ Մուրադյանը բռնության է ենթարկել Գեւորգին, ծաղրել, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Կապիտան Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանտ Հ.Վարդեւանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ  հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ  հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը),  շարքայիններ Հ.Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի առաջին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում (2 դրվագ), 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Ոսկանյանի եւ Հ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  իսկ Հ.Վարդեւանյանի եւ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվել: