News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում «Microsoft»-ի ինովացիոն կենտրոնը կբացվի մայիսի 11-ին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով՝ միջոցառմանը ներկա կգտնվի ընկերության տարածաշրջանային տնօրենը եւ հյուրեր տարբեր առաջատար ընկերություններից։

Կենտրոնը կգործի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում եւ կզբաղեցնի մոտ 500 քմ տարածք: Ըստ Գ. Բարսեղյանի`բուհի տարածքը հատուկ է ընտրված` ուսանողներին ավելի մատչելի լինելու համար:

«Ինովացիոն կենտրոնը լինելու է անվճար ու բաց բոլորի համար, կենտրոնի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ ՏՏ ընկերությունների աշխատակիցներ եւ անկախ մասնագետներ»,-ասաց Գ. Բարսեղյանը: Կենտրոնում կդասավանդվեն բիզնեսը կազմակերպելու հմտություններ՝ մենեջմենթ, մարկետինգ եւ այլն, ինչը կաջակցի ինչպես Հայաստանում նորաստեղծ ընկերությունների ստեղծմանը, այնպես էլ արդեն գործող ընկերությունների աճին։ 

Գ. Բարսեղյանի խոսքով՝ ինովացիոն կենտրոնում կներկայացվեն ինչպես «Microsoft»-ի, այնպես էլ աշխարհի այլ առաջատար ՏՏ ընկերությունների նոր տեխնոլոգիական լուծումները:

Նշենք, որ Հայաստանում «Microsoft» ինովացիոն կենտրոնի ստեղծումը Հայաստանի կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Microsoft RA» ընկերության համագործակցության արդյունք է: Կենտրոնի ստեղծման բյուջեն կազմում է մոտ 2,5 մլն դոլար: Նախատեսվում է, որ Կենտրոնը երեք տարի հետո կանցնի ինքնաֆինանսավորման։

Տեղեկացնենք, որ «Microsoft» ընկերությունը 80-ից ավելի ինովացիոն կենտրոնններ ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում, իսկ Հայաստանում ստեղծվելիք կենտրոնը կդառնա առաջինը Անդրկովկասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ