News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության շենքի առջեւ այսօր` սեպտեմբերի 1-ին աննախադեպ բազմամարդ էր. Բողոքի ակցիա էին անում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատները, որոնց միացել էին օրերս սոցիալական ցանցերում ստեղծված նախաձեռնությունների անդամները: Վերջիններս պահանջում են դադարեցնել «ինքնասպանությունները» բանակում եւ խստորեն պատժել բոլոր մեղավորներին:

Մի քանի հարյուր ցուցարարներ «Բանակն առանց մարդասպանների», «Հերիք ա լռենք» եւ այլ գրություններով պաստառներով իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել կառավարության մոտ:

Լրագրող Ծովինար Նազարյանը, ով անցած տարի Տավուշի մարզի դիրքերում «ինքնասպանված» սպա Արտակ Նազարյանի քույրն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց ակցիայի իմաստը. «Արդեն տեւական ժամանակ է, որ բանակում սպանությունների եւ բռնությունների դեմ պայքար է գնում: Հիմա հետզհետե այդ մարդկանց շարքերն ավելանում են: Վերջին երկու դեպքերը` Ճամբարակից Վարդան Սեւյանի եւ Երեւանից Աղասի Աբրահամյանի, հերթական անգամ լցրեցին համբերության բաժակը, եւ ակտիվ խմբերը որոշեցին, որ կոնկրետ արձագանքելու են»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն բողոքի ակցիաներից, Ծովինար Նազարյանը պատասխանեց. «Առաջին հերթին բողոքի ալիք բարձրացնելն ու մարդկանց ձայնը լսելի դարձնելն է: Նաեւ նոր զոհերի ընտանիքների, որովհետեւ տեսնում ենք, որ նրանք եւս չեն ընդունում այն պաշտոնական վարկածները, որ պաշտպանության նախարարության հովանավորությամբ առաջ են մղում քննչական մարմինները: Նաեւ ցանկանում ենք ստիպել կառավարությանը, որ միջոցներ մշակեն բանակում ամենաթողությունը վերացնելու, հանցագործությունները վերցնելու  համար, այլապես մարդկանց մեջ խուճապ կա, թե ինչ են ստանալու, եթե իրենց որդիներին ուղարկեն բանակ»:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր հերթին նկատեց, որ  վերջին սպանություններն իրենց դաժանությամբ մեծ ցնցում առաջացրին: «Եւ զուգահեռ պաշտպանության նախարարությունը համարժեք վերաբերմունք չի դրսեւորում: Որեւէ երաշխիք չի տրվում, որ նման դեպքերը չեն կրկնվելու: Ավելին, նախկին դեպքերի ուղղությամբ քննությունը չի կատարվում: Պաշտպանության նախարարությունը, որ կոչված է ապահովել երկրի անվտանգությունը, ինքը վերածվել է վտանգավոր վայր քաղաքացիների վայր»,- նշեց իրավապաշտպանը` հավելելով, որ ակցիաները շարունակական են լինելու եւ իրենք չեն հանդուրժելու այն վիճակը, որ կա բանակում: Իրավապաշտպանին զայրացնում է հատկապես այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբը, գերագույն գլխավոր հրամանատարը «էլեմենտար ցավակցություն անգամ չեն հայտնում սպանված զինվորների հարազատներին»:

Տպել
Ամենաշատ