Հայաստանը կարող էր ազատվել տուգանքից, եթե մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին ժամանակին տեղյակ պահեր «Եվրատեսիլի» ղեկավարությանը: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման, հայտնել է «Եվրատեսիլի» ադմինիստրացիայի ներկայացուցիչ Յաարմո Սիյմը:

Մասնակցությունից հրաժարվելու համար Հայաստանը պիտի մուծի մասնակցության վճարի 50%-ը, ինչպես նաեւ մասնակցության վճարը: Նման որոշումը բացառիկ չէ, եւ փառատոնի 57-ամյա պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են:

«Տուգանքները սահմանված են «Եվրատեսիլի» կողմից, այնպես որ բոլորը տեղեկացված էին հնարավոր հետեւանքների մասին», - նշել է Սիյմը:

Նա նաեւ հաստատեց, որ Հայաստանը տուգանք չէր վճարի, եթե սահմանված ժամկետում «Եվրատեսիլի» ադմինիստրացիային տեղյակ պահեր իր որոշման մասին:

«Հիմք չկա Հայաստանին արգելելու մասնակցել գալիք տարվա մրցույթին, եթե Հայաստան հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի փառատոնը, վճարվի տուգանքը, եւ պահպանվեն եկող տավա մրցույթի կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Հայաստանը հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին, որն անցնելու է մայիսի վերջին Բաքվում:

Փետրվարի վերջին մի խումբ հայաստանյան երգիչ-երգչուհիներ դիմեցին Հանրային հեռուստաընկերությանը` կոչ անելով մասնակից չուղարկել մի երկիր, որը հայտնի է հայերի դեմ կատարած ջարդերով: