«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 28 ներկայացուցիչներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ-ից:
Նրանք չնշեցին, թե ովքեր են ԲՀԿ-ից ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել` պատճառաբանելով, որ տվյալները դեռ մուտքագրվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 67 անդամներ այսօր` մայիսի 24-ին, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Դիմում գրողների շարքում են Հայաստանի նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ավելի վաղ ԿԸՀ ստացել էր ինքնաբացարկի 6 դիմումներ` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանից, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանից եւ «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանից:
Նշենք, որ համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում յուրաքանչյուր հաջորդ թեկնածուին:




























