Թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հարաբերությունները: Նրանց տարաձայնությունները գաղափարական եւ քաղաքական դրդապատճառներ ունեն եւ պայմանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով:

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը չպետք է ԲՀԿ-ին տարանջատի իշխանություններից եւ պետք է բացառի որեւէ համագործակցություն այդ կուսակցության հետ: Մինչդեռ Լեւոն Զուրաբյանը նույնքան հետեւողականորեն շարունակում է չբացառել ԲՀԿ-ի հետ համագործակցության, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը:

Կոնգրեսին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի շուրջ Փաշինյանի եւ Զուրաբյանի միջեւ հակասություններն այնքան են խորացել, որ վերաճել են թշնամանքի. մասնավորապես, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում նրանց միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել: Նույն նիստում Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ քաղխորհրդի անդամներին հասկացրել է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունը` այդպիսով ՀԱԿ-ին զրկելով ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունից: