ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավար Դեւիդ Պետրեուսը հրաժարական է տվել կնոջը դավաճանելու համար: Նոյեմբերի 10-ին Պետրեուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է իր հրաժարականը:
ԿՀՎ-ի աշխատակիցներին ուղղված նամակում Պետրեուսը նշել է իր քայլի դրդապատճառները: «37 տարվա համատեղ կյանքից հետո ես սիրավեպ եմ ունեցել»: Նա նշել է, որ նման պահվածքն անընդունելի է «ոչ միայն ամուսնու, այլեւ նման կազմակերպության ղեկավարի համար», հայտնում է BBC-ն:
Պետրեուսի հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ Օբաման ընդգծել է, որ «նա տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ին անգնահատելի ծառայություններ է մատուցել` երկիրն ավելի անվտանգ եւ ուժեղ դարձնելով»: Նախագահը նաեւ նշել է, որ իր «մտքերն ու աղոթքները Պետրեուս ամուսինների հետ են»: Ինչպես հստակեցնում է «ՌԻԱ Նովոստին», ամերիկյան հետախուզությունն, իմանալով ԿՀՎ-ի ղեկավարի կապի մասին, այդ մասին հայտնել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:
Վերջինս, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, չէր ցանկանում հեռացնել Պետրեուսին, պաշտոնը լքելու որոշումն ընդունել է անձամբ գեներալը:
ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Պետրեուսի տեղակալ Մայքլ Մորելը, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Ամերիկյան NBC News հեռուստաալիքը հայտնում է, որ ՀԴԲ-ն ստուգումներ է սկսել ԿՀՎ-ի նախկին ղեկավար, գեներալ Դեւիդ Պետրեուսի կենսագրության համահեղինակ եւ սիրուհի Պ. Բրոադուելի նկատմամբ: ՀԴԲ-ն փորձում է պարզել, թե արդյոք ԿՀՎ-ի նախկին ղեկավարի հետ շփման ընթացքում նրան հասանելի եղել են վարչության գաղտնի նյութերը եւ գեներալի էլեկտրոնային փոստը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Պետրեուսին կարող էին շանտաժի ենթարկել արտամուսնական կապի պատճառով` չնայած ՀԴԲ-ն նման պնդումների ապացույց չունի:
Ինչպես գրում է rbc-ն, 59-ամյա Դ. Պետրեուսը ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավար էր դարձել 2011 թվականին: Մինչ այդ նա զբաղեցրել է գլխավոր պաշտոններ ՆԱՏՕ-ում: Նրա կին Հոլին գլխավորում է զինծառայողների ընտանիքներին աջակցող հանձնաժողովներից մեկը:





























