3100 լիտր բենզինի յուրացման եւ թրաֆիքինգի մեջ մեդադրվող Վարդենիսի «Նյարդա– հոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի ազգականն է: Լրատվամիջոցներում շրջանառվող այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց հենց Ռուբեն Թադեւոսյանը:
«Քեռուս հորեղբոր տղայի որդին է: Հեռու ազգականս է, դա ի՞նչ նշանակություն ունի, հետաքրքիր է»,- ասաց նա: Ռուբեն Թադեւոսյանը վստահեցրեց, որ որեւէ կապ չունի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության հետ: Նա հաստատեց տեղեկությունը, որ ազգականը առողջական խնդիրներ ունի: «Քննություն է գնում, քրեական գործ է հարուցված, հարցրեք իրավապահ մարմիններին, հիմա ցանկացած մեկնաբանություն կլինի սխալ»,-ասաց նա:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ հոկտեմբերի 3-ին աղմուկ-աղաղակով ձերբակալված Վարդենիսի «Նյարդա– հոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է։ Ըստ թերթի տեղեկությունների՝ նրա մորեղբոր որդին՝ ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանն է միջնորդել, որ Հովհաննիսյանն ազատ արձակվի։ «Այժմ Հովհաննիսյանի հարազատները Վարդենիսում տեղեկություններ են տարածում, թե Նվերն այդ ամենի հետ ընդհանրապես կապ չի ունեցել եւ շուտով՝ դեկտեմբերի 7-ից, վերականգնելու է իր աշխատանքը։ Ձերբակալվելուց հետո Հովհաննիսյանը սրտի հետ կապված խնդիրներով ոստիկանությունից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ նրան ստենդավորել եւ տուն են ուղարկել»,- գրել էր թերթը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին «Հետք.am» ինտերնետային կայքում տպագրվել էր «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» հոդվածը: Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետեւանով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք եւ ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի եւ իր բարեկամների խոշոր եւ մանր եղջերավոր անասունները:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաեւ, որ Նվեր Հովհաննիսյանը ս/թ. ապրիլից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:
Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված էր, բայց խափանման միջոցը փոխվել է` ստորագրություն չհեռանալու մասին, քանի որ Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակը վատթարացել է:





























