ԿՀՎ-ի տնօրեն Դեւիդ Պետրեուսի հրաժարականի պատմությանը խառն է եւս մեկ կին` 37-ամյա Ջիլ Քելին Թամփայից (Ֆլորիդա նահանգ): Հենց նրա շնորհիվ է ՀԴԲ-ն սկսել ԿՀՎ-ի այժմ արդեն նախկին ղեկավարի նկատմամբ հետաքննությունը:
Քելին հասարակական աշխատանքով է զբաղվել Թամփայի ռազմաօդային ուժերի Մաքդիլ կայանում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության գրասենյակը:
Հիշեցնենք, որ Պետրեուսն ստիպված էր հրաժարական տալ լրագրողուհի Պոլա Բրոդուելի հետ արտամասնուկան կապի պատճառով, որը նրա մասին կենսագրական գիրք էր գրել: Սկզբնապես մտավախությունները կապված էին այն բանի հետ, որ ԿՀՎ-ի ղեկավարի էլեկտրոնային փոստը կարող էր «կոտրված» լինել անհայտ անձանց կողմից:
Պետրեուսի նկատմամբ քննությանը նախորդել է Ջիլ Քելիի դիմումը ՀԴԲ, որը մի քանի ամիս առաջ բողոքել էր, որ ինչ-որ մեկն էլեկտրոնային փոստով իրեն սպառնալիքներով նամակ է ուղարկում, հայտնում է NEWSru.com-ը:
Հետքն արդյունքում բերել է 40-ամյա լրագրողուհի Պոլա Բրոդուելի մոտ, որն ակտիվ նամակագրական կապ է ունեցել ԿՀՎ-ի տնօրեն Դեւիդ Պետրեուսի հետ: Այդ նամակագրության բովանդակությունն էլ ապացուցում է նրանց սիրավեպի փաստը:
Ինչ վերաբերոմ է Քելիին, ապա նրա հարաբերությունները Պետրեուսի հետ անհայտ են: Որոշ աղբյուրներ մատնանշում են գեներալի հետ նրա մտերմության մասին, մյուսներն էլ ասում են, որ նրանք պազապես ընկերներ են:
Քելին փորձել է պարզաբանել` նոյեմբերի 11-ին հայտարարություն տարածելով. «Մեր ընտանիքը մտերիմ է Պետրեուսների ընտանիքի հետ 5 տարի: Մենք հարգանքով ենք վերաբերվում նրա եւ նրա ընտանիքի անձնական կյանքին, եւ ցանկանում ենք, որ նման վերաբերմունք լինի մեր եւ մեր 3 երեխաների հանդեպ»:




























