«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:
«Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները:
Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:
Հայ ազգային կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության եւ ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը առաջարկել է «ՀԱԿ քաղխորհրդի աշխատանքների ժամանակավոր համակարգող ընտրել քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին, նաեւ նախաձեռնություններ իրականացնել «ՀԱԿ» դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնելու համար այլ կուսակցության անդամներ Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Ջհանգիրյանին»:




























