Առաջիկա օրերին Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ կուսակցությունները բանակցությունները կսկսեն դաշինքից հեռացած ուժերի հետ եւ կփորձեն մեկ- երկու շաբաթվա ընթացքում հստակեցնել ՀԱԿ-ի կազմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը:
Նա հստակեցրեց, որ ՀԱԿ դաշինքի տարածած հայտարարությանը միացել է 5 կուսակցություն` «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդը», «Ժողովրդավարական հայրենիքը», «Ժողովրդական ուղին», «Մարդու իրավունքներ 96-ը», Կանաչների կուսակցությունը:
Նա նշեց, որ ՀՀՇ-ի դուրս գալուց հետո դաշինքի կազմում մնացել էր 10 կուսակցություն, որոնցից 2-ը սառեցրել են իրենց գործունեությունը ՀԱԿ կազմում` «Ազատությունը» եւ «Այլընտրանքը»: Սոս Գիմիշյանը հույս ունի, որ նրանց հետ համագործակցությունը կշարունակվի: «ՀԺԿ-ն տեղյակ էր նիստի մասին, բայց վերահաստատեց, որ քանի դեռ չի հայտարարել, որ ՀԱԿ-ից դուրս է, շարունակում է մնալ ՀԱԿ-ի անդամ, ասացին, որ մոտակա նիստերին չեն կարող մասնակցել: Մեծ հույսեր ենք փայփայում, որ ՀԺԿ-ի հետ կհամագործակցենք»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Նա ասաց, որ ՀԱԿ դաշինքից կուսակցությունները հիմնականում դուրս են եկել ՀՀՇ-ի պատճառով, այժմ, երբ ՀՀՇ-ն չկա, իրենք կդիմեն դուրս եկած կուսակցություններին: Նրանք, մասնավորապես, պատրաստվում են դիմել «Հայաստանի Լիբերալ», «Հանրապետություն», «Հայրենիք եւ պատիվ», «Ազգային վերածնունդ», Պահպանողական կուսակցություններին եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած նախաձեռնությանը:
«Պետք է փորձենք հնարավորինս շուտ համագործակցության եզրեր գտնել, միասին հեշտ կլինի նպատակներին հասնել: Իսկ այն նպատակները, որոնք 5 տարի առաջ հռչակել ենք, առայսօր մեր խոստումը չենք կատարել, դրա համար պարտավոր ենք վերստանձնել այդ պարտավարությունը եւ փորձենք լուծումներ գտնել հնարավորինս լայն շրջանակով: Ինչքան շատ կուսակցություններ լինեն, այնքան շուտ հնարավոր կլինի վերականգնել մեր գործունեությունը»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:
Հայ ազգային կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության եւ ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը առաջարկել է «ՀԱԿ քաղխորհրդի աշխատանքների ժամանակավոր համակարգող ընտրել քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին, նաեւ նախաձեռնություններ իրականացնել «ՀԱԿ» դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնելու համար այլ կուսակցության անդամներ Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Ջհանգիրյանին»:




























