Կարբի գյուղը ահուսարսափի մեջ պահող եւ «հրեշի» համբավ ունեցող 37-ամյա Վարդան Վարդանյանը չի տեղափոխվել հոգեբուժարան, նա գտնվում է տանը, իսկ առողջական վիճակը հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը:
Գյուղապետը, ով ոստիկանության Աշտարակի բաժնից իր համագյուղացուն տուն էր բերել, տեղեկացրեց, որ բժիշկ են կանչել, ով եւս փաստել է, որ այժմ նրա մոտ հանգիստ վիճակ է, բայց անհրաժեշտ է, որ առաջիկայում տանեն հոգեբուժարան` 20-25 օր բուժման կուրս անցնելու համար:
«Եթե նա հիմա հանգիստ է, վաղը եւս հանգիստ է, դա դեռ չի նշանակում, թե երկուշաբթի հանգիստ կլինի: Առայժմ ժամանակավորապես կմնա տանը, հիմա շատ հանգիստ է, նորմալ, մարդկային, որ տեսնեք, չեք էլ ասի, թե կարող է նման բան անել»,- ասաց Մանվել Մկրտչյանը:
Կարբի գյուղի «հրեշի» համբավ ձեռք բերած տղամարդը պատմել է, որ դաշտերով դուրս է եկել, մոլորվել է եւ հասել է այդ գյուղ, երբ արդեն մութ էր, չի կարողացել վերադառնալ: Գյուղապետն ասաց, որ վերջինս հաճախակի է բացակայել տնից, բայց մի քանի օր անհետանալուց հետո վերադարձել է: Տղամարդը նաեւ շեշտել է, որ որեւէ մեկին վնաս պատճառելու կամ վախեցնելու նպատակ չի ունեցել, պարզապես մոլորվել էր:
Վարդան Վարդանյանը ամուսնալուծվել է 2-3 տարի առաջ, երեխաներից մեկն իր մոտ է, մյուսը` կնոջ մոտ: Նրա մոտ հոգեկան խնդիրները ի հայտ են եկել տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում. Սակայն հարազատների, մտերիմների աչքաթող անելու, ուշադրություն չդարձնելու հետեւանքով դրանք կամաց-կամաց սրվել են:
Կարբի գյուղում «հրեշի» հայտնաբերման դեպքի առթիվ իրավական գործընթաց չի սկսվել, քանի որ նախ, որեւէ բողոք չկա, ոչ մի տուժող չկա, եւ հետո, բոլորն էլ հասկանում են, որ նա հոգեկան շեղումներ ունի:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է։Գյուղացիները պատմում են ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի են հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս: Կարբի գյուղի «հրեշին» ոստիկանները ապրիլի 18-ի երեկոյան բերման էին ենթարկել: Պարզվել է, որ նա Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա Վարդան Վարդանյանն է: Վերջինս չի աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Նա նախկինում մարզիկ է եղել` ըմբշամարտիկ:




























