NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած խոշոր վթարի մասին: Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ վթարի հետեւանքով մահացողները ընտանիք են` ամուսին, կին եւ նրանց երկու երեխաները: Ընտանիքի հայրը 37-ամյա Վրույր Ղազարյանն է, նրա կինը` 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, երկու երեխաները`  6-ամյա Սերոբ  Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, իսկ 15-ամյա Աիդա Թունյանը, ով նույնպես զոհվել է, Վրույր Ղազարյանի քրոջ դուստրն է: Վրույր Ղազարյանը եւ Հերմինե Օհանջանյանն ունեն նաեւ 4-ամյա դուստր, ով մնացել էր տանը: Այժմ երեխայի խնամքով հավանաբար կզբաղվեն տատը եւ պապը, որոնք սակայն տարիքով են:

Վթարի հետեւանքով մահացել է նաեւ Վրույր Ղազարյանի քույրը՝ 41-ամյա Մալվինա Ղազարյանը: Նրա երկու երեխաների՝ 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանների վիճակը ծանր է:

Մյուս վիրավորը` 23-ամյա Գրիգոր Ավետյանը, Վրույր Ղազարյանի ընկերն է: Մալվինա Ղազարյանի ամուսինը, ով դստեր հետ մեկնել էր Ռուսաստան` արտագնա աշխատանքի, այժմ վերադարձել է Հայաստան: 

Նրա խոսքով` նրանք խմբով գնացել էին կարտոֆիլ ցանելու, վերադառնալիս ցանկանում էին նստել որեւէ տեղ եւ հաց ուտել: «Ասում են, թե մեքենայի անսարքությունն է վթարի պատճառը»,- ասաց նա` հավելելով, թե բոլորը զարմացած են, թե ինչպես են կարողացել 9 հոգով տեղավորվել մի մեքենայում:

Գյուղապետը պատմեց, որ երկու ընտանիքները գտնվում էին  ծայրահեղ աղքատության մեջ, զբաղվում էին գյուղատնտեսությամբ, «պարզ, համեստ, բարի գյուղացիներ էին»: Լուսինե Ավետյանը նշեց, որ իրենք կփորձեն համայնքի եւ գյուղացիների միջոցներով օգնել ընտանիքներին:

Գորիսի հիվանդանոցում գտնվող Գրիգոր Ավետյանի առողջական վիճակը ծանր է,  թեեւ նա, միացված չէ արհեստական շնչառության ապարատին: Մյուս վիրավորների` 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանների վիճակը  եւս ծանր կայուն է, նրանք եւս բազմաթիվ կոտրվածքներ եւ վնասվածքներ ունեն:

Ինչ վերաբերում է վթարի հետեւանքով մյուս մահացածին`40-ամյա Հայկ Մարտիկյանին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ նրանք երկու մեքենաներով գնացել էին Տաթեւ` ճոպանուղին տեսնելու եւ հանգստանալու: «Ձորում նստած հաց էին ուտում, երբ վերեւից լսվեց մեքենայի ձայնը: Հայկն անմիջապես տեղից վեր է կենում`մի երկու-մետր առաջ է գնում, նրան թվում է, թե այդ մեքենան իր մեքենային է խփել, սակայն վերեւից մեքենան ընկնում է նրա վրա»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ Հայկն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պարզվել է, որ  «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:

Վթարի  հետեւանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 37-ամյա Վրույր Ղազարյանը, եւ ուղեւորներ՝ 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, 15-ամյա Աիդա Թունյանը եւ տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 40-ամյա Հայկ Մարտիկյանը, հիվանդանոցում մահացել է 41-ամյա Մալվինա Ղազարյանը:

Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝  23-ամյա Գրիգոր Ավետյանը, 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանները: