Ֆիլադելֆիայում տան փլուզման զոհերի թիվը հասել է վեցի: Այդ մասին հայտնել է Ֆիլադելֆիայի քաղաքապետ Մայքլ Նաթթերը: Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհերի մասին:
Նրա խոսքով, զոհվածների թվում են հինգ կանայք եւ մի տղամարդ` 68-ամյա Բորբոր Դեւիսը:
Փլուզման հետեւանքով եւս 13 մարդ վիրավորվել է: Դեպքի վայրում փրկարարական գործողությունները շարունակվում են, որոնում են փլատակների տակ մնացած մարդկանց, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղական մամուլը:
Հիշեցնենք, որ չորսհարկանի շինությունը փլուզվել է Ֆիլադելֆիայի կենտրոնում հունիսի 5-ի առավոտյան: Ականատեսները պատմում են, որ շենքի բեկորները սարսափելի դղրդյունով ընկել են հարեւան խանութի վրա, որտեղ այդ պահին գնորդներ են եղել: Շենքը պետք է քանդվեր, եւ մասնակի քանդվել էր: Չի բացառվում, որ աշխատանքների ժամանակ ինժեներները սխալվել են հաշվարկներում եւ թուլացրել կրող կոնստրուկցիաները: Փլուզման ժամանակ վնասվել է նաեւ հարեւանությամբ գտնվող շենքը, որտեղ եղել է Փրկարարական բանակի խանութը:




























