Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «անհայտ կարգավիճակով» աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը, վերջապես, պատասխանեց մեր հեռախոսազանգերին, բայց ոչ հարցերին: Երբ զանգահարեցինք նրան, ներկայացանք եւ հարց ուղղեցինք, թե ի՞նչ է կատարվում, իրականում դիմում է գրե՞լ, թե՞ ոչ, արդյոք ստիպո՞ւմ են դիմում գրել, նա պատասխանեց: «Մենք իրար ճանաչո՞ւմ ենք, որ դուք զանգահարել եք ինձ»:
Մեր դիտարկմանը, թե իրեն լրագրող է զանգահարում, նա հակադարձեց. «Լավ հաջողություն ձեզ, շատ հաճելի էր»:Այս խոսքերից հետո աշխատակազմի նախկին ղեկավարը անմիջապես անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին՝ իր դիմումի համաձայն: Հատկանշական է, որ հարցը ՀՀ կառավարության նիստի օրակարգ մտցվել է վերջին պահին՝ նախարար Յուրի Վարդանյանի առաջարկությամբ:
Նշենք, որ Վ. Էլոյանը աշխատակազմի ղեկավար էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում: Ավելի ուշ պարզվել է, որ Վահե Էլոյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել, այլ նախարարի հրամանով տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի: Նախարարությունից, սակայն, չհստակեցրին, թե Վահե Էլոյանն ինչ աշխատանքի է տեղափոխվել: Մեր տեղեկություններով` Յուրի Վարդանյանի եւ Վահե Էլոյանի միջեւ պայմանավորվածություն է եղել աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ, սակայն Վահե Էլոյանն այդպես էլ չի գրել դիմում: Պաշտոնանկությունից հետո վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին:




























