Վերաքննիչ դատարանը մերժել է Պռոշյանի բնակիչներ Արտակ եւ Արայիկ Պետրոսյանների նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյան եղբայրների փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ երկու եղբայրների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան` բեկանալու Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կալանավորման որոշումը: Փաստաբանը նշեց, որ նպատակն է հայաստանյան դատական ատյանները սպառելը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը:

Նա նկատեց, որ կալանավորման 3 ամիսների ընթացքում որեւէ քննչական գործողություն չի եղել իր պաշտպանյալների հետ, «նրանք հենց այնպես նստած են»: «Ապօրինի մեղադրանք, ապօրինի խափանման միջոց, հենց այնպես պահում են, որեւէ գործողություն չեն անում, նրանց զրկել են ազատությունից»,- հայտնեց փաստաբանը:  Իսկ քննիչը դա բացատրել է այն հանգամանքով, որ առայժմ հավաքում են  ապացույցներ, այնուհետեւ գործողություններ կանեն: Հայտնի չէ նաեւ, թե երբ գործը կուղարկվի դատարան, որ փուլում է նախաքննությունը:

Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ նախատեսվում է խուլիգանության մեղադրանքով ազատազրկված Արտակ Պետորսյանի գործը առաջիկա ամիսներին ուղարկել դատարան, սակայն սպանության մեղադրանքով անազատության մեջ գտնվող Արայիկ Պետրոսյանի գործը ամիսներ շարունակ ընթացքի մեջ է:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:

Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել: