Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդն իր արտակարգ հեռուստաուղերձում հայտարարել է հօգուտ որդու՝ 53-ամյա թագաժառանգ Ֆիլիպի գահից հրաժարվելու մտադրության մասին: 79-ամյա միապետն այդ քայլի պատճառ է նշել իր առողջական վիճակը: Նա հայտնել է, որ գահից հրաժարումը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ Բելգիայի ազգային տոնի օրը:
«Ես արդեն իմ կյանքի 80-րդ տարում եմ, տարիք, որին երբեք չեն հասել իմ նախորդները: Իմ տարիքն ու առողջությունը թույլ չի տալիս կատարել պարտականություններս այն ծավալով, որ ես կուզենայի: Ժամանակն է լիազորություններս հանձնելու հաջորդ սերնդին»,- ասել է թագավորը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի 9-ին կլրանա 20 տարին, երբ Ալբերտ 2-րդը գահ էր բարձրացել իր եղբոր՝ Բոդուենի մահից հետո:





























