Կիրովի Լենինյան շրջանի դատարանը ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն հինգ տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ Պյոտր Օֆիցերովին՝ 4 տարվա գաղութի: Դատապարտյալներին կալանավորել են դատարանի դահլիճում:
Նավալնուն նաեւ տուգանել են հինգ մլն ռուբլով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատարանը հաստատել է, որ, լինելով Կիրովի նահանգապետի խորհրդական, Ալեքսեյ Նավալնին «Վյատսկի անտառային ընկերություն» ՍՊԸ-ի տնօրեն Պյոտր Օֆիցերովի եւ «Կիրովլես»-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Օպալեւի հետ ձեռնարկությունում վատնումներ է կատարել: Նրանց ապօրինի գործունեության հասցրած վնասը գերազանցում է 16 մլն ռուբլին, հայտնում է «Վեստին»:
Նախօրեին Նավալնին գրանցվել էր որպես Մոսկվայի քաղաքապետի թեկնածու: Նա կարող է բողոքարկել դատավճիռը, եւ եթե մինչեւ ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 8-ը, այն դեռ ուժի մեջ մտած չլինի, թեկնածուն կարող է մասնակցել ընտրություններին:





























