Իսրայելի իշխանություններն օգոստոսի 12-ին հրապարակել են այն 26 ձերբակալված պաղեստինցիների անունները, որոնք կազատվեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման շրջանակներում։ Նրանց մեծ մասն իսրայելական բանտերում է մարդկանց մահվան եւ բռնությունների հետ կապված հանցագործությունների պատճառով, փոխանցում է Associated Press-ը։
Սպասվում է, որ առաջիկա ամիսներին վստահության ամրապնդման միջոցների շրջանակներում իսրայելական բանտերից ազատ կարձակվեն 104 պաղեստինցիներ, որոնք բոլորից երկար են բանտարկված։
Պաղեստինցիներին ազատ արձակելը դժգոհություն է առաջացրել զոհերի ընտանիքների մոտ։ Սակայն Իսրայելի կառավարությունն իր որոշումը մտադիր չէ փոխել, փոխանցում է «Lenta.Ru»-ն։
Ամերիկացի դիվանագետները կարողացել են համոզել պաղեստինցիներին ու իսրայելցիներին վերսկսել երկխոսությունը, որը սառեցվել է 5 տարի առաջ։ Վաշինգթոնը հույս ունի, որ բանակցությունների արդյունքները զգալի կլինեն արդեն 9 ամիս անց։





























