Բռնաբարության նոր դեպք Հնդկաստանում. Մահարաշթրա նահանգի Մումբայ քաղաքում հինգ անհայտ անձինք բռնաբարել են 22-ամյա կին լրագրողին: Ոստիկանությունը կազմել է կասկածյալների ֆոտոռոբոտը եւ սկսել որոնումները: NDTV հեռուստաալիքը հայտնում է, որ ձերբակալվել է 20 մարդ:
Աղջիկն իր ընկերոջ հետ է եղել: Հարձակողները նրանց քաշել տարել են լքված շինություն, կապել ու ծեծել են տղային, իսկ նրա ընկերուհուն խմբակային բռնաբարության են ենթարկել: Աղջկան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին վեց տղամարդիկ դաժանաբար տանջել եւ բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին, երբ վերջինս ընկերոջ հետ վերադառնում էր կինոթատրոնից: Հնդկաստանի շատ քաղաքներում բողոքի ցույցեր էին անցկացվել, որոնք ուղեկցվել էին ոստիկանության հետ բախումներով:





























