Մասիսի կենտրոնական հիվանդանոցում վիրաբուժական բաժանմունքի վարիչըի ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից:

«Անկախ այն բանից, թե ինչ պատիժ կսահմանվի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի ենթարկողների նկատմամբ, փաստն ինքնին դատապարտելի է։ Եւ շատ ավելի մեծ է այդ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլեւ մեր ողջ հասարակությանը։ Ամոթալի ու մերժելի նման միջադեպերը, դժբախտաբար, շարունակաբար կրկնվում են։  Դժվար է մարդկային համարել այն քայլը, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա, բիրտ ուժ է կիրառում անգամ հաշվի չառնելով, որ այդ պահին նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է իր հարազատին։ Բայց չէ որ ժողովրդական իմաստուն խոսքն ասում է` մի վնասիր քեզ օգնող ձեռքը՞,- հայտնեցին նախարարությունից։

Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ «Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետեւանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք եւ առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։ Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների եւ մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որեւէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու եւ մարդասիրական գործը։ Նման երեւույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»,- հայտնեցին նախարարությունից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի է ենթարկվել վիրաբուժական բաժանմունքի վարիչը: Նրան ծեծել են հիվանդին ուղեկցողները: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` 22-ամյա ալկոհոլային թունավորմամբ մի երիտասարդի են բերել հիվանդանոց եւ նրան ուղեկցող եղբայրները հերթապահ բժշկին, որը վիրաբուժականի վարիչն է եղել, շտապեցրել են արագ բուժօգնություն ցուցաբերել: Նրանք չեն համբերել մինչեւ բժիշկն իր պարտականությունները կատարի սահմանված կարգով:

Եղբայրները , որոնք եւս ալկոհոլի ազդեցության տակ են եղել, բորբոքված հարձակվել են բժշկի վրա, կոտրել բաժանմունքի ապակիները, պատահած իրերով հարվածել պատերին, այնուհետեւ քաշքշել ու ծեծի են ենթարկել բժշկին:

Այնուհետեւ պարզվել էր, որ Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի ենթարկված վիրաբուժական բաժանմունքի վարիչըհայտնի հաղորդավար Եգոր Գլումովի (Գոռ Գրիգորյան) հայրն է` Գեւորգ Վահանի Գրիգորյանը:  Միջադեպի հետեւանքով բժիշկը որեւէ լուրջ վնասվածք չի ստացել, նրա վիճակը լավ է, աչքի տակ կապտուկ կա, բայց դեպքից հետո վիրահատություն է կատարել: