Յակուտիայի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել մանկապղծության մեջ կասկածվող տղամարդուն ձերբակալելուց հետո: Իրկուտսկի բնակիչները շրջափակել են ՌԴ Քննչական կոմիտեի հանրապետական բաժանմունքի շենքը եւ պահանջում են իրենց հանձնել մանկապիղծին: Մարդիկ պահանջում են ցցի հանել  նրան:

Ժողովրդական հուզումի առիթ է դարձել 4-ամյա աղջնակի բռնաբարությունը, որը կատարվել է սեպտեմբերի 8-ին: 31-ամյա տղամարդը, որը վերջերս է վերադարձել բանտից, աղջնակին խաբեությամբ տարել է իր բնակարան, որտեղ նրա գլուխն ուժեղ խփել է պատին, դաժան կերպով բռնաբարել ու բնակարանից դուրս շպրտել:

Փոքրիկին այդ վիճակով հայտնաբերել է հարեւանուհին: Աղջնակին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վերջին տվյալներով, բժիշկները ստիպված են եղել հեռացնել փոքրիկի բոլոր կանացի օրգանները, որպեսզի փրկեն նրա կյանքը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հանցագործության վայրում ձերբակալվել է 3 մարդ, սակայն գործով նրանցից միայն մեկն է կասկածյալ: Մյուս երկուսը վկա են եւ հարցաքննությունից հետո ազատ են արձակվել:

Իրադարձությունների նման շրջադարձը բուռն հակազդեցություն է առաջացրել քաղաքում: Ցուցարարների մի մասն ուղղվել է դեպի այն բնակարան, որտեղ բնակվել է կասկածյալը: Մարդիկ կոտրել են բնակարանի ապակիները եւ դռան վրա կարմիրով գրել. «Այստեղ մանկապիղծ է ապրում»:

Միաժամանակ, Յակուտսկի իրավապահ մարմինները պետական պաշտպանության տակ են վերցրել երկու տղամարդկանց, որոնք գործով վկա են:

Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, անհայտ անձինք տնից դուրս են հանել վկաներին, տարել անհայտ ուղղությամբ եւ ծեծել: