Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը վերջնական տեսք կստանա մինչեւ շաբաթվա վերջ, իսկ մյուս շաբաթվանից արդեն կսկսի աշխատանքները: NEWS.am-ի տեղեկություններով՝ ավելի քան 25 հոգուց բաղկացած այս հանձնաժողովում ընդգրկված են տրանսպորտի ուղղությամբ դասավանդող դասախոսներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, Երեւանի ավագանու խմբակցության անդամներ, 3-4 փոխադրող կազմակերպության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի ֆինանսական, տնտեսական ոլորտի պաշտոնյաներ, տրանսպորտային մասնագետներ: Այս պահի դրությամբ իրենց իսկ խնդրանքով հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, թեեւ հնարավոր է քաղաքապետը նրանց ավելացնի՝ որպես ոլորտի պատասխանատուների:
Առաջիկա օրերին Երեւանի քաղաքապետարանը կհրապարակի հանձնաժողովի կազմը: Տնտեսվարողները տարբեր հաշվարկներ են ներկայացրել՝ ուղեվարձը 150-250 դրամ դարձնելու մասին, շեշտել են, որ անհնար է այս գումարով աշխատել: Իսկ հ/կ-ների ներկայացուցիչները հաշվարկներ են արել, ըստ որի՝ հնարավոր է նույնիսկ 80 դրամ ուղեվարձով շահույթ ստանալ: Այժմ հանձնաժողովը ուսումնասիրություններ, քննարկումներ կանի եւ կգան ընդհանուր հայտարարի, թե ինչքան պետք է թանկանա ուղեվարձը: Բայց որ ուղեվարձը կթանկանա, դա միանշանակ է, տնտեսվարողները անդրդվելի են:





























