Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Տավուշի մարզում ականի պայթյունից երիտասարդի մահվան վերաբերյալ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետեւանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք եւ մահացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը, խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ, գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում՝ ական է պայթել, ինչի հետեւանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկը վիրավորվել էր ականի վրա, իսկ հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չէր տվել, որ որեւէ մեկը մտնի դաշտ եւ հանի նրան, արդյունքում երիտասարդը արյունաքամ էր եղել եւ մահացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասել էր, թե հակառակորդը նրան կրակի տակ է պահել, չի թողել, որ մտնեն հանեն նրան եւ օգնեն:





























