Գյումրիում շինարարական աշխատանքների ժամանակ տրակտորի կովշի հարվածի հետեւանքով մահացած 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանը շուտով պետք է հայր դառնար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երազգաորսի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը:

Երիտասարդը նոր էր ամուսնացել, կինը հղի է, սպասում էին առաջնեկի ծնվելուն: Գյուղապետն ասաց, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում, միայն ինքն է աշխատում, հայրը հաշմանդամ է, ուներ իրենից փոքր եղբայր, քույրերն էլ ամուսնացած են: Գյուղապետի կարծիքով՝ միջադեպը ընդամենը պատահականության արդյունք է. «Պատահական է, այդ երեխան ո՞ւմ է ինչ արել, որ նման բան անեն»,- ասաց Արտաշես Մխիթարյանը:

«Դորոժնիկ» ՍՊԸ-ից եւս վստահեցրին, որ մահվան ելքով միջադեպը ընդամենը պատահականության արդյունք է: Ընկերությունից հավաստիացրին, որ մահացածի ընտանիքին անպայման ֆինանսական օգնություն կցուցաբերեն:

Իսկ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի  157-րդ հոդվածի  2-րդ մասի  (տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով

Նշանակված են փորձաքննություններ, կատարվում է քննություն, Լեռնիկ Հեքիմյանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում սեպտեմբերի 26-ին, ողբերգական միջադեպ է եղել: Ժամը 10:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երեւանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:

Ստացած վնասվածքի արդյունքում նա տեղում մահացել է: Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ Լ. Հեքիմյանն ու Վ. Մեսրոպյանը աշխատում էին «Դորոժնիկ» ՍՊԸ-ում, տարածքում  Ջրմուղի հետ աշխատանքներ էին կատարում: