Մեծ հավանականությամբ համաներումը պետք է ազդի նաեւ կալանավորված պահետազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Զաքարյանը:

Նա նշեց, որ հստակ ասելու համար պետք է ունեն համաներման տեքստը, բայց դրան ծանոթ չէ: «Հաշվի առնելով նախորդ համաներումների տեքստերը` մեծ հավանականությամբ այն պետք է ազդի նաեւ Վոլոդյա Ավետիսյանի վրա»,- ասաց փաստաբանը:

Արա Զաքարյանը նշեց, որ դեռ սպասում են Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի պատասխանին, որը վերաբերում էր ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու հետ: Արա Զաքարյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը նորմալ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է  ձերբակալվել  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, ապա կալանավորվել:

Գործի նյութերով Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել: «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»,-ասել էր նա: