Զինված խումբը հոկտեմբերի 2-ին հարձակվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող ռուսական դեսպանատան վրա: Հարձակվողները փորձել են ներխուժել դեսպանատան տարածք:
Ըստ տեղի ոստիկանության` նրանք այրել են դիվանագիտական համարանիշով մի մեքենա եւ անվտանգության ուժերի միջամտությունից հետո փախել երկու մեքենայով:
Հարձակումը հետ է մղվել Լիբիայի անվտանգության ուժերի կողմից: Ոստիկաններն անկանոն կրակ են բացել, որի հետեւանքով հարձակվողները վիրավորվել են, մեկ մարդ էլ զոհվել է: Դեսպանատան աշխատակիցներից եւ պահակազորի անդամներից տուժածներ չկան, հայտնում է «Նովայա պոլիտիկան»:
Ըստ Լիբիայի ՆԳՆ-ի վարկածներից մեկի`Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը կարող էր կապված լինել լիբիացի սպայի սպանության մասին նախկինում լրատվամիջոցներում հայտնված տեղեկության հետ, որն իբր իրագործել էր Ռուսաստանի քաղաքացուհին, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով LANA լիբիական պաշտոնական տեղեկատվական գործակալությունը:
Ավելի վաղ որոշ լիբիական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Թունիսի սահմանով Լիբիա ներթափանցած ռուսաստանցիմի կին սպանել է լիբիացի սպային` Տրիպոլիի արվարձանում գտնվող վերջինիս տանը, ինչպես նաեւ վնասել նրա մորը:
Ըստ լրատվամիջոցների` կնոջը կալանավորել էին իրավապահ մարմինները:



























