Կաթոլիկ եկեղեցին հրաժարվել է պատարագ մատուցել SS-ի նախկին սպա Էրիխ Պրիբկեի հիշատակին, ով վախճանվել է հոկտեմբերի 11-ին 100 տարեկան հասակում: Համապատասխան որոշումը հրապարակվել է հոկտեմբերի 14-ին Հռոմի եպիսկոպոսության կայքում: Եկեղեցական ղեկավարության որոշման համաձայն՝ Պրիբկեին կհուղարկավորեն մասնավոր կերպով՝ առանց եկեղեցական ժամերգության:

Պրիբկեի փաստաբան Պաոլո Ջակինին, որի մոտ նա ապրում էր վերջին տարիներին ու ով էլ կազմակերպում է նրա թաղման արարողությունը, հրաժարվել է այն անցկացնել իր տանը: Նա հայտարարել է, որ այդ դեպքում արարողությունը տեղի կունենա «փողոցում»: Սակայն Հռոմի քաղաքապետարանը ոստիկանության հոտ միասին արգելել է նրան հասարակական վայրերն օգտագործել հուղարկավորության համար, գրում է իտալական Corriere della Sera թերթը:

Ավելի վաղ առաջարկություն էր եղել Պրիբկեի մարմինը հուղարկավորել Պոմեցիայում գտնվող գերմանական զինվորական գերեզմանոցում: Սակայն այնտեղ հայտնել են, որ գերեզմանոցում թաղված են միայն վերմախտի այն զինծառայողները, ովքեր զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում, նշում է իտալական Il Messaggero պարբերականը: Արգենտինայում, որտեղ երկար ժամանակ ապրել է Պրիբկեն ու որտեղ թաղված է նրա կինը, նույնպես հրաժարվել են հուղարկավորել նախկին նացիստին:

Գերմանական Հեննիգսդորֆ քաղաքում, որտեղ ծնվել է Պրիբկեն, նույնպես չեն ցանկանում թաղել նրան, նշում է Berliner Zeitung-ը: Միաժամանակ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է Agence France-Presse գործակալությանը, որ Պրիբկեի հուղարկավորման որոշումը կայացնում են նրա հարազատները, այլ ոչ թե ԳԴՀ իշխանությունները: Գերմանական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ «ԳԴՀ քաղաքացին իրավունք ունի թաղվել Գերմանիայում»: Առայժմ դեռ շարունակվում են Պրիբկեի հուղարկավորման քննարկումները, նրա մարմինը շարունակում է մնալ հռոմեական  հիվանդանոցներից մեկի դիարանում, հաղորդում է Lenta.ru-ն: