Ալո, դա «Արի ամուսնանանքից» ա՞:
Չէ, դուք լրատվական գործակալություն եք զանգել:
Ազիզ ջան, մենակ մարդ եմ, ուզում եմ ամուսնանամ, մեծ մարդ եմ, ինչո՞վ կարաք ինձ օգնեք, մի լավ կին գտնեք ինձ համար:
Դե մենք կարող ենք ձեր մասին նյութ գրել, հրապարակել, գուցե կանայք արձագանքեն, ցանկանան ձեզ հետ ամուսնանալ:
Դե մի բան արեք, օգնեք ամուսնանամ, էլի:
Սա դրվագ է NEWS.am-ի խմբագրություն զանգահարած մի քաղաքացու հետ զրույցից, ում որոշեցինք «օգնել կին գտնելու հարցում»:
74-ամյա Արտաշես Համփերյանը նախկինում ամուսնացած է եղել, սիրել է կնոջը դեռ դպրոցական նստարանից, բայց ամուսնական կյանքը վայելել է մոտ մեկ տարի, ամուսնալուծվել են կնոջ դավաճանության պատճառով: «Շատ շուտ եմ ամուսնացել, ես իրեն շատ էի սիրում, դեպք է պատահել, անախորժություն, դե առանց սխալի մարդ չի լինում, միանգամից սիրտս կոտրվել է, դրանից հետո չեմ ամուսնացել, Էջմիածնում երդվեցի, որ էլ չեմ ամուսնանա ու էդպես էլ մնացի: Մամաս, քույրերս, ախպերներս կռվում էին, որ ամուսնանամ, բայց չամուսնացա, բոլորը մահացան, գնացին, ես մնացել եմ մեն-մենակ»,- պատմեց Արտաշես Համփերյանը:
Նա երեխաներ չունի, երեք քույր ուներ, ծնողներ, որոնց մահվանից հետո, իր իսկ խոսքով, լրիվ միայնակ մնաց եւ առավել զգաց կնոջ քաղցրությունը: Արտաշես Համփերյանը հարուստ կենսագրություն ունի, մեխանիկ է, սովորել եւ աշխատել է բազմաթիվ հասատատություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տարիներին, փոխգնդապետի կոչում ունի, որի շնորհիվ էլ բարձր կենսաթոշակ է ստանում եւ նորմալ ապրում:
«Սաղ կյանքս լավ կերել, խմել, ման եմ եկել աշխարհով մեկ՝ Իտալիա, Ֆրանսիա, Ռումինիա, Ալեքսանդրիա, ուր ասես՝ եղել եմ, ապրել եմ, բայց արդեն էլ հնարավորություն չկա մենակ մնալու, անընդհատ «տելեվիզոր» նայելով չեմ կարողանում ապրել: Մեծությունը եկել է վրաս, երեք քույրս ինձ պահում էին ծնողի պես, ինձի լավ նայում էին, չէի նեղվում, բայց որ հերթով մահացան գնացին, երեխեքն էլ գնացին, հիմա կնոջ քաղցրություն շատ եմ զգում, բայց չեմ ճարում, վախենում էլ եմ, ի՞նչ իմանաս՝ ո՞վ ա, ի՞նչ ա, նամուսով, թասիբով ապրած մարդ եմ»,- պատմեց նա:
Իսկ թե ինչպիսի կին է ցանկանում տեսնել իր կողքին, փեսացուն նշեց, որ կցանկանա, որ նա իրենից փոքր լինի՝ 45-55 տարեկան: «60-ից ավել չլինի, ջահելը լավ ա, ես հո բիձյա չեմ, տղամարդ եմ, բա 70-80 առնեմ, ի՞նչ անեմ: Լավ կին եմ ուզում, խելոք լինի, որ իրար հասկանանք, ես իրեն լավ կպահեմ, ամեն ինչ իրա ուզածով կանեմ, ինչ ունեմ, կտամ իրեն, սերս կտամ: 2 սենյականոց տուն ունեմ՝ ամեն հարմարությունով, տաք ջուր, սառը ջուր, երկու տեղ գազը քաշած, արեւկող, դեպի Կոմիտաս է նայում, հանրակացարան է, բայց սեփականաշնորհած է, փողի նեղություն չեմ քաշում, ապրում եմ»,- ասաց Արտաշես Համփերյանը՝ հավելելով, որ իր լավագույն կեսին գտնելուց հետո հարսանիքի, մեղրամսի եւ մնացած հարցերը կքննարկեն միասին եւ կորոշեն՝ ինչ անել:
Ինգա Մարտինյան





























