«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոկտեմբերի 29-ին ավազակային հարձակում հեղինակներից Անդրանիկը սովորում է այդ դպրոցի 12-րդ դասարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նա այդ դպրոց է տեղափոխվել 3 տարի առաջ, նախկինում մի քանի դպրոց է փոխել: «Արհեստագործական ավագ դպրոցի սան է, նրանք տարբեր դպրոցներից 9-րդ դասարանը ավարտած, չներառված երեխաներ են, որոնց փորձում ենք արհեստի միջոցով  ներառել հասարակություն: Նա առաջադիմությամբ աչքի չէր ընկնում, սովորող երեխա չէր, ընտանիքը լուրջ խնդիրներով ընտանիք է, ինքն էլ մի քանի անգամ դպրոց է փոխել, չի կարողացել ներառվի»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Հարցին, թե արդյոք դպրոցի, մանկավարժների մեղավորությունը, թերացումը չկա, որ ձեր դպրոցի սանը համարձակվել է ձեռք բարձրացնել դպրոցի վրա, տնօրենը պատասխանեց. «Չորս անչափահասն էլ, անկախ նրանից՝ ով որ դպրոցում է սովորում, ես տաբերություն չեմ տեսնում: Բոլորն են մեղավոր, մարդը հիմնական ընտանեկան կրթությունը ստացել է այլ միջավայրում, գալիս է, փորձում ես արհեստների միջոցով ներառել, այդ սանը հենց համակարգիչների շահագործում մասնագիտությամբ էր սովորում: Ոստիկանությունը իր, իր ընտանիքի մասին շատ բաներ գիտի, նրա հետ շփվել էին, այդ ընտանիքը, հարազատները իրենց ծանոթ էր, խոցելի խումբ է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ՝ դիմակավորված եւ գազային ատրճանակով, ներխուժել էին դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո ներխուժողները փախուստի էին դիմել: Ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին եւ 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին: