Նոյեմբերի 15-ին հազարավոր մարդիկ էին հավաքվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ապստամբների գլխավոր գրասենյակի մոտ` պահանջելով դադարեցնել իրենց անարգությունները եւ լքել զբաղեցրած շենքերը:
Ապստամբները կրակ են բացել բողոքողների ուղղությամբ, սպանվել է 13 մարդ եւ վիրավորվել 130-ըհայտնում է BBC-ն: Ցուցարարների վրա կրակել էին ականանետներից եւ նռնակներ նետել:
Տեղի բնակիչները բողոքի ցույցի էին հավաքվել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ իմամի հնչեցրած կոչից հետո, հայտնում է NEWSru.com-ը:
Բախումներից հետո Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը նոյեմբերի 15-ի երեկոյան պահանջել է, որպեսզի «առանց բացառության» բոլոր զինված ապստամբները լքեն երկրի մայրաքաղաքը: Վարչապետը նաեւ հայտարարել է, որ «բանակի եւ ոստիկանության սահմաններից դուրս զենքի առկայությունը վտանգավոր է», հայտնում է Reuters-ը` վկայակոչելով պետական լրատվական LANA գործակալությունը:
Սա զինված խմբավորումների մասնակցությամբ Լիբիայում փողոցային մարտերի առաջին դեպքը չէ, հայտնում է lenta.ru-ն: Նոյեմբերի 8-ին Միսուրաայի գրոհայինները Տրիպոլիի փողոցներում ծանր զենքեր էին կիրառել, այդ թվում նաեւ` զենիթային ականանետեր:





























