Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը արդարացված է համարում իր գրքի ներկայացումը գրականության գծով պետական մրցանակին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ իրավունք չունեն քննարկել Հասմիկ Հակոբյանի եւ Արքմենիկ Նիկողոսյանի՝ միությանը դադարեցնելու նպատակով գրված դիմումները:

Նա նշեց, որ եթե մարդը ստեղծագործող է, դա դեռ չի սահմանափակում նրա իրավունքը իր ստեղծագործությունները ներկայացնել մրցույթներին: «Պետական մրցանակի հանձնաժողովը ոչ ես եմ ձեւավորում, ոչ էլ ՀԳՄ-ի հետ կապ ունի, այն ձեւավորվել է նախագահականում, հայտնի անդամներ են, բացի մեկից, որը ոչ մեկ չգիտի, թե ով է եւ ինչ արժանիքների համար է ընդգրկվել: Այդ երկու երիտասարդը հանձնաժողովի անդամ են եղել եւ իրենց կարծիքն արտահայտել են քվեարկությամբ: Երբ ես ներկայացրել եմ իմ գիրքը, ես դեռ ՀԳՄ նախագահ չէի, Լեւոն Անանյանն էլ դեռ ողջ էր: Այդ ժամանակ հանձնաժողովն էլ չկար ընտրված, երբ սկսեցին այդ մարդիկ ճնշումներ գործադրել, թե դուրս արի, դուրս արի, դա ես պատշաճ չեմ համարել, չի կարելի ստեղծագործողին ճնշել, թե սենց արա, նենց արա, դու մի մասնակցի եւ այլն: Գիրքն է մասնակցում, եւ այն արժեք ունի, թե ոչ, որոշում է հանձնաժողովը, ոչ թե ես: Ես էլ ասում եմ, սիրելի բարեկամներ, ինչի եք ճնշում, իմ իրավունքն է՝ կհանեմ, կդնեմ, չգիտեմ ինչ կանեմ»,- ասաց ՀԳՄ նախագահը՝ հավելելով, որ դեռ տեղյակ էլ չէ, թե այդ մրցանակը ում է տրվելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի գրողների միությունում հերթական սկանդալն է հասունանում, մի քանի գրողներ դիմում են գրել ԳՄ-ից դուրս գալու համար: Գրականագետ Հասմիկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը եւ Արքմենիկ Նիկողոսյանը դիմում են գրել ԳՄ-ից դուրս գալու համար, Գուրգեն Խանջյանն էլ որոշել է սառեցնել անդամակցությունը:

Դիմում գրելու պատճառն այն է, որ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր թեկնածությունն է ներկայացրել գրականության գծով պետական մրցանակին:

«Մի շարք գրողներ պարոն Միլիտոնյանին նախօրոք ասել էին, որ հանի թեկնածությունը, քանի որ ինքը ԳՄ նախագահ է եւ անհավասար մրցակցության պայմաններում է: Բայց ինքը չարեց դա, մենք դիմում ենք գրել, որ դուրս գանք՝ մտածելով, որ գործ չունենք այն ԳՄ-ում, որտեղ նման մթնոլորտ է տիրում, եթե չենք ուզում հավասարվել իրենց, պետք է դուրս գանք»,- ասել էր գրականագետը: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am