Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը շարունակում է դասավանդել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ չի բացառում վերադարձը ուժային կառույցներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Դանիելյանը:
Աշխատանքի անցնելու առաջարկներ չունե՞ք:
Անկեղծ ասած՝ ես չեմ էլ մտածել դրա մասին: Այս փուլում, կարծում եմ, մի փոքր դադար պետք է լինի, որպեսզի ես նաեւ հանգստանամ, որովհետեւ 6 տարի դատախազությունում եւ ԱԺ-ից հետո որեւէ դադար չեմ ունեցել, հիմա շատ ավելի հանգիստ վիճակ է:
Ձեր նախկին գործընկեր Կորյուն Փիլոյանը մեղուներով, կովերով է զբաղվում, իրեն նվիրել է գյուղատնտեսական աշխատանքներին, դուք նման նախասիրություններ չունե՞ք:
Ես դասախոսությունով եմ զբաղված եւ մինչեւ տարվա վերջ կավարտեմ դոկտորական ատենախոսությունս:
Միասնական քննչական մարմնում աշխատելու մասով քննարկում, առաջարկ եղե՞լ է Աղվան Հովսեփյանի հետ:
Քննչական պետական կոմիտեն՝ որպես այդպիսին, դեռեւս չկա, դրա մասին խոսելը ժամանակավրեպ է եւ անլուրջ, եթե առաջարկություն լիներ, կլիներ, բայց հիմա չկա նման հիմնարկություն եւ առհասարակ այդ մասին չեմ էլ մտածել:
Հետեւո՞ւմ եք դատախազությունում կատարվող փոփոխություններին, թե՞ հետաքրքիր չէ:
Դատախազությունը ինձ համար եղել եւ մնում է հարազատ վայր, որտեղ ամեն մի իրադարձություն ինձ համար չի կարող անհետաքրքիր, ցավալի չլինել: Ինձ համար դատախազությունը մնում է իմ տունը, իմ ընտանիքը, որտեղ ես անցկացրել եմ իմ կյանքի ամենահետաքրքիր պահերը: Այնպես որ, ամեն ինչ ինձ համար հետաքրքիր է:
Ինչպե՞ս եք գնահատում պարոն Կոստանյանի աշխատանքը:
Ասել, որ մի քանի փոփոխություններ կամ փոխատեղումներ են եղել, խոսել աշխատանքի մասին, կարծում եմ՝ ճշմարիտ չի լինի: Մենք պետք է սպասենք՝ հասկանալու, տեսնելու այդ փոխատեղումները, փոփոխությունները դրական արդյունք տվեցին, թե ոչ, ամեն ինչի դատավորը ժամանակն է:
Տպավորություն է, թե Գեւորգ Կոստանյանը եկավ եւ ազատվեց Աղվան Հովսեփյանի կադրերից, առաջնահերթ՝ ապարանյան ծագումով: Դուք այդ կարծիքին չե՞ք, թե՞ բնական է, որ նոր ղեկավարը նման պաշտոնանկություններ է անում:
Ես նմա՞ն եմ մի մարդու, որին կարելի է ստիպել աշխատանքից դիմում գրել: Ես նպատակահարմար գտա այն, ինչ արվեց, ուրիշների փոխարեն չէի ցանկանա ենթադրություն անել, որովհետեւ նրանք իրենք են նաեւ ցանկություն հայտնել առանձին դեպքերում, շատ շատերը դատախազության համակարգում՝ պատճառաբանելով, որ մի պարագայում հոգնել են, մեկ այլ պարագայում կենսաթոշակի նշանակելու խնդիր կա, մեկ այլ պարագայում չեմ բացառում աշխատանքի գործելաոճի փոփոխությունը: Մեկ բան պետք է իմանալ, այն մարդիկ, ովքեր աշխատել են պարոն Հովսեփյանի օրոք, արվել է առավելագույնը, Աստված վկա, ամենայն անկեղծությամբ դատախազության համակարգից դուրս գալուց հետո իմ բոլոր գործընկերներին ցանկացել եմ, որպեսզի այս բարդ աշխատանքում լինեն անփորձանք եւ առողջ, մնացածը ժամանակը ցույց կտա: Այս համակարգը աշխատել է եւ աշխատելու է:
Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ աշխատանքից ազատման դիմում եք գրել, եթե այդպես նվիրյալ եք եւ դատախազությունն էլ ձեր տունն եք համարում: Միթե ղեկավար անձի փոփոխությունը այդքան կարեւոր է:
Ինձ համար՝ այո:
Աղվան Հովսեփյանը անփոխարինելի՞ էր:
Ոչ, անփոխարինելի մարդիկ չկան, աշխատանքի ձեւի փոփոխություն կարող է լինել, շատ գործնական հարցադրումներ, որոնք կարող են տարբեր լինել, աշխատանքի նկատմամբ տարբեր ընկալումները, այնպես որ չի կարելի միանշանակ կարծիք ձեւավորել, որ կարող են խնդիրներ լինել:
Այսինքն, Կոստանյանի փոխարեն եթե մեկ ուրիշը լիներ, նույն ձեւ կվարվեի՞ք:
Չեմ կարող ենթադրություն անել: Համենայն դեպս, իմ հարաբերությունները բոլոր դատախազների հետ, այդ թվում՝ պարոն Կոստանյանի հետ, եղել են ջերմ, բարեկամաբար, այնպես որ մենք երբեւէ խնդիրներ չենք ունեցել:
Պաշտոնից հեռանալուց հետո զրուցե՞լ եք իր հետ:
Մի անգամ առիթ եղել է, երբ ներկայացնում էր այլ դատախազի տեղակալին, որը նշանակվել էր իմ փոխարեն, մեր հարաբերությունները մնացել են հարթ, համերաշխ եւ անկեղծ:
Աղվան Հովսեփյանի հետ հանդիպո՞ւմ եք:
Առհասարակ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ պարոն Հովսեփյանը եղել եւ մնում է իմ լավագույն բարեկամը եւ ավագ ընկերը:
Իսկ ձեզ փոխարինողի գործունեությանը հետեւո՞ւմ եք, որ տեսնեք ով էր լավ աշխատում, ինչ է նա անում, որ դուք չեք անում:
Բացարձակապես ոչ, որովհետեւ ազնիվ չի լինի հետեւել: Ես, համենայն դեպս, իմ գործունեության ընթացքում ապացուցել եմ երեք սկզբունքները, որոնք իմ աշխատանքային գործունեության հիմնասյունն են եղել, առաջինը եղել է սկզբունքայնությունը, ես երբեք իմ սկզբունքայնությունը չեմ դավաճանել որեւէ պարագայում, ինչը, որ մտածել եմ, ճշմարիտ է, դրա մասին բարձրաձայնել եմ կոլեգիայի նիստերում եւ օպերատիվ խորհրդակցություններում, դա գիտեն բոլորը: Երկրորդ, ինձ համար խիստ կարեւոր է եղել եւ ընդգծված կոռուպցիայի դեմ պայքարը, ես համակարգել եմ աշխատանքները եւ կոռուպցիայի դեմ պայքարը ինձ համար մեր պետության ամենացավոտ հիմնահարցերից մեկն է եղել: Եւ երրորդ, ես համակարգել եմ դատախազության դպրոցի աշխատանքները եւ նաեւ մրցութային պետական հանձնաժողովի նախագահն եմ եղել, որպեսզի որեւէ պարագայում դատախազության դպրոցում չուսանեն մարդիկ, որոնք տարբեր միջնորդություններով կարող են պաշտոն զբաղեցնել դատախազության համակարգում եւ որեւէ պետական ծառայող աշխատանքի չնշանակվի որեւէ նեգատիվ դրսեւորումներ, դրան ես հասել եմ 100 տոկոս, այսինքն՝ այդ ոլորտում խոսել բացասական դրսեւորումների մասին, կարծում եմ՝ անիմաստ է:
Կոռուպցիայի մասին նշեցիք, օրերս հրապարկվեց ՄԻՊ զեկույցը, որտեղ նշվում է դատական մարմինների կաշառքի չափերի մասին: Ի՞նչ կարծիքի եք, արժանահավա՞տ է այդ ամենը:
Ոչ որպես նախկին դատախազ, այլ որպես իրավաբան, կարող եմ ասել, որ եթե ներկայացվում է ինչ-որ հարցադրում, պետք է անպայման լինի փաստը, հակառակ պարագայում այն կարող է լինել իրական կամ ոչ իրական, պետք է կոնկրետ փաստի հիման վրա կազմել զեկույց, ուզում է դա լինի մարդու իրավունքների պաշտպանինը, թե մեկ այլ պետական մարմնին, դա պետք է լինի փաստերով, հակառակը չի կարող լինել: Թե փողոցում ով ինչ է ասում կամ ինչ գնահատական են տալիս, դա կարող է թյուր հասարակական կարծիքի արդյունք լինել: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք այդ զեկույցը նպաստեց, որպեսզի դատական համակարգը կայանա այդ ոլորտում, իհարկե, միանշանակ ոչ, կա, փաստ, պետք է արձանագրել:
Դատական դեպարտամենտը սա գնահատեց որպես փիառ քայլ արված շոու սարքելու նպատակով, ցեխ շպրտելու փորձ, կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
Չեմ կարող կիսել այդ կարծիքը, ես ինքս ճանաչում եմ Մարդու իրավունքների պաշտպանին, եւ կարծում եմ, որ պետք է Մարդու իրավունքների պաշտպանը շատ ավելի փաստարկված հիմնավորումներով հանդես գա, այդ տվյալներ ոչ միայն հրապարակի, այլեւ ներկայացնի համապատասխան մարմիններին, այդ թվում՝ նաեւ դատախազությանը:
Եւ վերջում, կարո՞ղ եք բացառել ձեր վերադարձը ուժային կառույցներ:
Ես չեմ բացառում ոչինչ, մենք կհանդիպենք:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը





























