News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը, որի շրջանակում Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից, հիմա նաեւ՝ այստեղ ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

Հայկական օրինակ, որին պետք է հետեւի ամբողջ աշխարհը

Ինձ հաճախ տրվող հարցերից է՝ արդյոք երեխաներիս շախմատ խաղալ սովորեցնելո՞ւ եմ: Եվ սովորաբար այս հարցին հաջորդում է պնդումը, որ եթե դա անեմ, ապա նրանք անկասկած հանճարեղ կլինեն եւ կնվաճեն շախմատային բարձունքները:  Թեեւ ես համամիտ չեմ շախմատային որոշակի հմտությունների ավտոմատ փոխանցմանը (եթե նման բան ընդհանրապես գոյություն ունի), իմ պատասխանը մշտապես բարձրաձայն եւ ինքնահավան «այո»-ն է:

Խաղում բարձր աստիճանի հասած իմ բոլոր ընկերները (եւ ամբիցիաներ ունեցողները) ներկայում իրենց ոլորտներում բավական հաջողակ են՝ կրթաթոշակների պարկով եւ հետեւի գրպանում դրված  «սպանիչ» ռեզյումեով: Նրանք իմ ճանաչած ամենափայլուն եւ իրատեսական մարդիկ են: Եվ մենք բոլորս խոստովանում ենք, որ շախմատը մեծ դեր է ունեցել մեր բնավորության, ռիսկի, անհաջողության նկատմամբ մեր վերաբերմունքի ձեւավորման գործում, եւ մեր կյանքի ռազմավարությունը մշակել է այնպես, որ գործողությունները մշտապես նպատակ հետապնդեն:

Երեւանում վերջերս անցկացված միջոցառմանը ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը գովաբանում էր այդ խաղի արժանիքները՝ պնդելով, որ «շախմատն ընդլայնում է հորիզոնները եւ հայացքներն այն մասին, թե ինչն է հնարավոր այս աշխարհում: Երեխայի դեպքում դա այն է, որ եկամուտը, ընտանիքը, ծագումը չպետք է սահմանափակեն կամ որոշեն նրա ապագան»: Կհամաձայնեմ ասվածի հետ, բայց մի՞թե հնարավոր չէ «շախմատ» բառը փոխարինել այլ մարզաձեւով:  Ի՞նչն է շախմատը յուրահատուկ դարձնում: Այնքան յուրահատուկ, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ 2011-ից սկսած շախմատը պարտադիր առարկա է:

Եկեք խոստովանենք, որ ոչ բոլորս ենք ունակ Լեւոն Արոնյան դառնալ: Այդ դեպքում ինչո՞ւ ծայրահեղության գնալ եւ շախմատը դարձնել պարտադիր առարկա:

Չեմ ձանձրացնի երեխաներին շախմատ սովորեցնելու առավելությունները թվելով՝ սոցիալական հմտությունների բարելավում  (երբ շախմատը դասարանում են ուսուցանում, օրինակ), խոր կենտրոնացում, խնդիրների լուծման ներուժի  եւ ճանաչողական գործառույթի բարելավում եւ գիտակցում, որ միշտ կա ձեզանից ավելի լավ ինչ-որ մեկը: Հայ առաջատար մի հոգեբան, որը պատասխանատու էր դիտարկման անցկացման համար, հաստատեց, որ անգամ այս փուլում, երբ ուսուցման  ծրագիրը բավական երիտասարդ է, առանցքային ցուցանիշներն արդեն լավն են: Բարեգործական կազմակերպությունները եւս շախմատի օգնությամբ փորձում են երեխաներին կտրել  փողոցից եւ թմրանյութերից, իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն անգամ կարող է կանխարգելել Ալցհայմերի հիվանդությունը:

Բայց ես երեխաներին շախմատ ուսուցանելու երեք այլ հիմնական պատճառ եմ առաջարկում: Այդ պատճառները խորապես գործնական բնույթ ունեն  (եւ, երեխայի անձով եւ դաստիարակությամբ պայմանավորված, դրանց ազդեցությունը կարող է հատկապես ուժեղ լինել):

Նախ, շախմատը վարժեցնում է մշտական հիասթափություններին, հետեւաբար զարգացնում է տղամարդկություն եւ անհաջողության հանդեպ տոկունություն:

Հավանաբար, իմ երբեւէ լսած ամենաիմաստուն խոսքը եղել է այն, որն ինձ ասել են այն ժամանակ, երբ 12 տարեկան հասակում նվնվում էի ինչ-որ ջախջախիչ պարտության համար՝ համարելով այն անարդար, «քանի որ ես այնքան լավ էի խաղում»: Թիմի կապիտանն ինձ վրա հարձակվեց՝ միանգամից վերջ դնելով ինքնախղճահարությանս եւ բառացիորեն ասաց, որ «աշխարհն առանձնապես արդար վայր չէ, որքան շուտ դրան հարմարվես, այնքան լավ»:  Որքան փայլուն խոսքեր երեխայի համար, եւ որքան ճիշտ են դրանք նաեւ շախմատի տախտակից դուրս:

Շատ մրցաշարային խաղացողներ ցավ են զգում, երբ մտածում են, որ մեկ (կամ երկու կամ մի քանի) անգամ հաջողությունը ձեռքից բաց են  թողել (օրինակ, առաջին ոսկին կամ գրոսմայստերի կոչումը), քանի որ իրենք վատ են խաղացել, կամ մրցակիցն ավելի լավ է խաղացել այն մի քանի վայրկյանում. այն որոշիչ եւ դաժան պահին:  Կամ, հնարավոր է, հաջողությունն էր հարցը. կենտրոնացման կորստի մի քանի վայրկյան, ժամանակի աննշան գերազանցում կամ սխալ տնօրինում: Ի վերջո, նրանք տուն են գնում ծանրության զգացումով եւ մի փոքր կոտրված սրտով, եւ որ ամենավատն է՝ գիտակցումով, որ իրենք արել են ամեն հնարավորը, բայց դա բավական չէր:

Բայց սա դեռ ամբողջ դժբախտությունը չէ. երբեմն դուք այլ կողմում եք, երբ հաջողությունը վահանի նման շրջապատում է ձեզ, հնարավոր է՝ այն ժամանակ, երբ դուք դրան արժանի չեք:  (Իմ կարդացած լավագույն գրքերից մեկում՝ «Մտածիր դանդաղ... որոշիր արագ», նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Դանիել Կանեմանը հստակ սահմանում է հաջողության դերը պատահական պայմաններում, օրինակ բիզնեսում «քիչ թե շատ հաջողված ընկերությունների միջեւ համեմատությունը հիմնականում նույնն է, ինչ քիչ թե շատ բախտները բերած ընկերությունների միջեւ համեմատությունը»:

Ցանկացած գլխավոր տնօրենի խելացիությունը կամ գործից անտեղյակությունը իրականում փոքր կապ ունի բաժնետոմսերի շահութաբերության կամ բորսայական եկամտի հետ: Շախմատում, ինչպես կյանքում, պատահականությունն ամենուր է, ծնում է ինչպես հիացմունք, այնպես էլ խեղում: Խնդիրն այն է, որ պետք է պայքարել, ոչ թե խոր ընկճախտի մեջ հայտնվել):

Վերջերս ռինգ վերադառնալուց առաջ եւ մրցակցին հանդեպ լիակատար գերազանցություն ցուցաբերելուց առաջ ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մեննի Պակյաոյին մշտապես հարցնում էին՝ ազդե՞լ է արդյոք նրա վրա վերջին մենամարտը (երբ նա զարմանալիորեն պարտվեց): Նրա արձագանքը հրաշալի էր. «Դուք նոկաուտի եք ենթարկվում, եւ ի՞նչ. սա բռնցքամարտ է եւ սա կյանք է»: 

Բռնցքամարտում դուք դասը յուրացնում եք գլխի մի քանի հարված ստանալով, շախմատում վնասվում է միայն ձեր եսը:

Երկրորդ՝ շախմատը ձեզ դեմ հանդիման կանգնեցնում է ակնթարթային հնարավորության առջեւ: Ժամանակի ցանկացած պահի հնարավորությունը բացվում է, եւ այն պետք է բռնել ինչպես գյուղի վերջին աղջկան:  Որովհետեւ եթե դուք դա չեք անում, հնարավորությունը մեկ ակնթարթում կանհետանա կամ ձեր մրցակիցը կօգտվի դրանից: 

Հնարավորությունը կարելի է փնտրել նաեւ հետագայում կամ ստեղծել, բայց երբեք չի կարելի կորցնել:  Եթե աշխարհն անարդար է, իսկ դա այդպես էլ կա, հաղթանակը ձեր ձեռքը չեն տա:  Հնարավորությունից օգտվելու համար ձեզ անհրաժեշտ է  մարտական ոգի եւ համառություն, որպեսզի ակտիվորեն որոնեք ինչ-որ կամ արդեն եղած ռեսուրսներ:

Նյու Յորքի հանրային թիվ 318 միջնակարգ դպրոցում  աղքատության մակարդակը 70-75% է: Կարելի է ասել, որ աշակերտներին բնազդաբար ներարկում են մարտական ոգի, դրա համար նրանք սովորել են կամ գոնե տեսել են, թե իրենց ծնողներն ինչպես են սովորում այն, որ «ամերիկյան երազանքին» հասնելու համար պետք է անցնեն սոցիալ-տնտեսական ծանր պայմանների եւ փոքրամասնությունների կեղտոտ խրամատներով, որտեղ չկա կարեկցանք եւ ոչ ոք օգնության ձեռք չի մեկնի: Չեմ կարծում, թե պատահական է այն փաստը, որ նրանք ազգային դպրոցների 30 առաջնությունների հաղթող են, եւ այստեղ նույնիսկ ցանկանում եմ Արոնյանի հետ զուգահեռ անցկացնել:

Վերջապես, շախմատը ապագայից կախվածություն է սերմանում: 

Վերջին հաշվով, սա կանխատեսումների խաղ է: Շախմատը օգնում է նրանց, ովքեր անկողմնակալ են, եւ քայլերի ցանկացած վարիացիա հանգեցնում է հարցին՝ «Իսկ հետո՞ ինչ»:

Երեխայի փաստարկումն ուղղվում է մակրոռազմավարության առաջնահերթություններին, սա ստիպում է մշտապես պատասխան գտնել «իսկ հետո՞ ինչ» կամ «հիմա՞ ինչ» հարցերին: Որոշումների կայացումը կանոնակարգելու այս միջոցը պետք է տեղի ունենա ապագա գնահատականի եւ հետեւանքների գիտակցման թռիչքի բարձրությունից: Դուք ոչ միայն պետք է կանխատեսեք ապագան եւ մրցակիցների դրդապատճառները, այլեւ պլանավորեք ձեր ապագան (առկա ռեսուրսներին համապատասխան): Անիմաստ շարժումները կպատժվեն: Ինչպես մի անգամ զգուշացրել է Սողոմոն Իմաստունը, «երբ չկա տեսլական, մարդիկ նահատակվում են»:

Այժմ տվեք ինձ այսպիսի իմաստուն մարդ, դա հենց այն մարդն է, որին կցանկանայի վարձել: Դա այն մարդն է, որը կյանքի ցանկացած ուղի ընտրելու պարագայում հաջողության կհասնի: Աշխարհի ոչ մի համալսարանի ոչ մի աստիճան չի կարող այդ հատկություններից  ավելի արժեքավոր բան առաջարկել: Պետական ծրագիրը, որը նման կերպ  մտածողների սերունդ է աճեցնում, քանիցս կվարձատրվի:

Արիանա Կաոիլի

Հոդվածը թարգմանվել է անգլերենիցբնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ