News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիա մտնել-չմտնելու հարցի վերաբերյալ որոշում դեռ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՕԵԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկություները, թե  ՕԵԿ չի պատրաստվում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, ավելին պատրաստվում է փողոց դուրս գալ իբր ինքնամաքրվելու եւ վարկանիշ ձեռք բերելու համար, Հեղինե Բիշարյանն ասաց հետեւյալը. «Նախ պետք է արձանագրեմ,  որ «Օրինաց երկիրը» վարկանիշ ձեռք բերելու, առավել եւս ինքնամաքրվելու խնդիր չունի: Պետք է մաքրվեն նրանք, ովքեր բազմաթիվ մեղքեր են գործել: Չեմ վարանի նշելու, որ ՕԵԿ-ը շիտակ եւ սկզբունքային քաղաքական ուժ է: Հակառակ պարագայում թող որեւէ մեկը ապացուցի, որ կուսակցությունը կապ ունի մեր երկրում որեւէ արատավոր երեւույթի` թալանի, գանձագողության, կոռուպցիայի, մարդկանց հարստահարելու եւ նման բաների հետ: Իսկ այն, որ ՕԵԿ ձեռամբ կամ մասնակցությամբ բազմաթիվ լուսավոր ծրագրեր են իրականացվել, դա փաստ է ու դրա մասին կարող եմ ոչ միայն ես երկար խոսել, այլեւ բազմաթիվ այլ մարդիկ: Ինչ վերաբերում է հարցին, թե իբր արդեն կա կայացրած որոշում կոալիցիա մտնելու կամ չմտնելու հետ կապված, ապա պետք է նշեմ, որ նման որոշում չէր կարող ընդունվել, քանի որ կուսակցությունում նման քննարկում դեռ չի եղել: Ինչպես նախօրեին հայտարարել ենք, ՕԵԿ քաղխորհրդի նիստը կգումարվի վաղը, որի ժամանակ էլ կքննարկենք Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը եւ ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր: Ըստ որում մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը, մեր համոզմունքը մեր երկրի զարգացման վերաբերյալ եւ այդ մասին խոսել ենք բաց եւ հրապարակային: Հայաստանի առջեւ այսօր բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած եւ մենք առաջարկել ենք լուծման մեր բանալին:

Ինչեւիցե, ընդունվել է այլ որոշում, որը ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, ինչը քննարկելու կարիք ունի: Այս օրերին բազմաթիվ մարդիկ գալիս ու զանգահարում են ՕԵԿ գրասենյակ` մարդիկ անհանգստացած են, թե երկիրն ինչ ուղղությամբ է զարգանալու` ինչպիսի արժեքային համակարգով: Մենք նրանց լսելու կարիք ունենք: Ես ունեմ իմ կարծիքը, բայց այն կհրապարակեմ վաղը` քննարկումների ժամանակ, իսկ մնացածը, ինչ տպագրվել է այսօր, ընդամենը տեղեկատվական պարզունակ հնարք է` որոշումը կլինի ամենայն հավանականությամբ վաղը` քննարկումներից հետո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է հրավիրել ապրիլի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ