Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածի ընդմիջմանը Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն հասցրել էին «նշել» ծրագրի ընդունման փաստը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանն ու Վարդան Այվազյանը ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ էին: Նրանցից միայն Վարդան Այվազյանն էր, որ չէր կորցրել ինքնատիրապետումը, մինչդեռ մյուսները տեղաշարժվում էին այլ պատգամավորների ուղեկցությամբ:

Դահլիճից դուրս գալիս Առաքել Մովսիսյանը կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ: Այնուհետեւ Առաքել Մովսիսյանը լրագրողների մոտ արդարացավ, թե սայթաքել է:

Ավելի ուշ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ չի ընկել: «Որ ընկած լինեի, նկարած կլինեին»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որն այդ պահին Առաքել Մովսիսյանի կողքին է եղել եւ օգնել է նրան, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Առաքել Մովսիսյանը ոչ թե ընկել է, այլ ոտքն անհարմար դրել կողքի աստիճանին: «Նման բան չկա, որտե՞ղ է ընկել, ո՞վ է տեսել: Ուղղակի տեղից որ վեր կացավ, մի մոմենտ ոտքը աստիճանին անհարմար դրեց»,- ասաց պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանը եւ Վարդան Այվազյանը հերքեցին տեղեկությունը, որ իրենք նշել են կառավարության ծրագրի ընդունումը: «Դեռ ժամանակ կունենանք նշելու: Գուցե ՀՀԿ համագումարից հետո»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը: