Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու եւ թիկնապահի մասնակցությունը անցած տարվա հունիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպին ապացուցված է: Այս մասին այսօր` սեպտեբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը:
«Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը տեղյակ չէր, որ ձեզ հայտնի տեսագրության ամբողջ խոսակցությունը հնարավոր է վերծանել: Քննչական մարմինն այդ արել է: Այդ խոսակցությունը կարելի է բաժանել երեքի մասին. խոսակցություն մինչեւ հրաձգությունը, այսինքն Արտակ եւ Ավետիք Բուդաղյանները դեռ չեն եկել: Զարզանդ Նիկողոսյանը մտել է խոհանոց եւ խոսել այն մասին, թե ինչպես են Սուրիկ Խաչատրյանն ու մյուսները ծեծել Ավետիքին: Խոսակցության երկրորդ մասը վերաբերվում է բուն միջադեպին: Սա հերքում է նախաքննական մարմնի վարկածը, թե Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների վրա կրակել են` ինքնապաշտպանությունից ելնելով: Խոսակցության երրորդ մասը վերաբերվում է ոստիկանների գալուն. Խոհանոցում Սուրիկ Խաչատրյանը, որդին եւ թիկնապահն իրար մեջ քննարկում են, թե ինչ են անելու զենքերը. Զարզանդն ասում է` կտրենք զենքերը, երկրորդն ասում է` իսկ օրինական զենքը, երրորդն էլ նշում է, թե օրինական զենք չկա»,- ասաց նա:
Հայկ Ալումյանի խոսքով`խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ Սուրիկ Խաչատրյանը ծեծել է Բուդաղյան եղբայրներին: «Զարզանդ Նիկողոսյանն ասում է` էն Ավոյին հավայի ծեծին, տփին, հետո էլ կանայք հանդիմանում են, թե ամո՞թ չէր, որովհետեւ Էմիլ Բուդաղյանը Սուրիկի ընկերն ա: Հետո Զարզանդը շարունակում է. «Արագածին ասում ա` էդ ո՞վ ա կողքիս նստած, ասում ենք` Ավոն ա, շեֆ, ասում ա` Ավոն ո՞վ ա, Ավոյի ըսենց, ընենցը, մենք էլ ծեծինք, հանինք»: Մինչդեռ նույն Զարզանդ Նիկողոսյանը քննչական մարմիններին ասել է, թե միայն ինքն է ծեծել: Հետո լսում ենք խոսակցության շարունակությունը հրաձգության ժամանակ. Մի կին գոռում է. «Տիգրան, ինչի՞ համար, Տիգրան, ինչի՞ կրակիր, մի կրակիր էլի, աման, մի արա»: Այստեղից բոլորս էլ հասկանում ենք, որ Տիգրանի մոտ հարազատներն են խոսում, իսկ Տիգրանին ինչպես հասկանում ենք` վտանգ չի սպառնում, հակառակ դեպքում ուրիշ կլիներ: Անցնենք խոսակցության երրորդ մասին, երբ դեպքն արդեն տեղի է ունեցել. Խոհանոցում խոսում են, թե ինչքան են կրակել, ուր են տարել եղբորը, ինչ զենքով են կրակել, ինչ պետք է անեն հիմա»:
Հայկ Ալումյանը խոսքը եզրափակեց` նշելով, որ իրենց ներկայացրած ապացույցները դատարանը չի ընդունում եւ ամեն անգամ բողոքը մերժում է:





























