Սեպտեմբերի 7-ից Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը սկսում է հացադուլ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ հացադուլը իր բողոքի ձայնն է եւ դրանով ցանկանում է հիշեցնել նախագահ Սերժ Սարգսյանին, որ «քո պայմաններում հայտնված մարդը վաղուց պետք է հրաժարական տար»:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.00-ին, նա հրավիրել է հանրահավաք Ազատության հրապարակում: Հանրահավաքում կներկայացվի ուղերձ՝ նախագահի հրաժարականի պահանջով, կհնչեն ելույթներ, ԱԻՄ առաջնորդն էլ կանդրադառնա ներկա իրավիճակին, անելիքներին, «Նախախորհրդարանից», տարբեր անհատներից, իրավապաշտպան կազմակերպություններից իրեն արված առաջարկներին, իր  արձագանքին եւ այլն:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ նախագահը հրաժարական տա: Իսկ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ապա ԱԻՄ առաջնորդը հացադուլը կշարունակի «հայկական ավանդական կարգով», միայն թե առայժմ հրաժարվեց բացահայտել այդ կարգը: