Ինչպես հայտնի է, Հայաստանում ռուսական ռուբլին կտրուկ «թուլացել է»: Եթե տարեսկզբին դրա փոխարժեքը 12.44 դրամ էր, ապա ներկայում այն չի հասնում նույնիսկ 9 դրամի: Այդ անկումը, անկախ ամեն ինչից, ուղղակիորեն հարվածում է այդ արժույթով դրամական փոխանցումներ ստացողների ընտանեկան բյուջեին: Հունվարի համեմատ՝ ռուսական արժույթը դրամով փոխանակելիս կորուստը ներկայում կազմում է շուրջ 30%:
Հասկանալի է, որ այս գործընթացն ուղղակիորեն կապված է Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ: Առաջին հայացքից ռուբլու թուլացումը ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանք է: Սակայն նախկինում նույնպես՝ 2012-2013 թվականներին, Ռուսաստանում դոլարի փոխարժեքի դինամիկայի միտումն ակնհայտորեն աճող բնույթ ուներ, իսկ ռուբլու թուլացման առաջին նախանշանները նկատվեցին 2011 թվականի օգոստոսին:
Նշված հակամարտությունը միայն ուժեղացրեց Ռուսաստանի տնտեսության համար անբարենպաստ գործոնները, որոնց ավելացավ նաեւ այդ երկրից կապիտալի զանգվածային արտահոսքը: Իրադրությունը խորացավ նաեւ նավթի համաշխարհային գների անկումը, որի արտահանումն ապահովում է Ռուսաստանի պետբյուջեի եկամուտների զգալի մասը: Բացի այդ, նավթը, բնական գազի հետ մեկտեղ, այդ երկիր արտարժույթի հոսքի հիմնական աղբյուրն է:
Ռուսաստանի արժութային շուկայում դեր ունեցան նաեւ արտաքին ներդրումների կրճատումը, ինչպես նաեւ դոլարի եւ եվրոյի գնորդների շրջանում խուճապը: Այդ պայմաններում Ռուսաստանի Բանկի նույնիսկ միլիարդավոր «դոլարային» միջամտությունները չօգնեցին կայունացնել ռուբլու փոխարժեքը: Մի խոսքով՝ խնդիրների մի ամբողջ գորդյան հանգույց:
Վերջին օրերին Հայաստանում դոլարի փոխարժեքը գերազանցեց 415 դրամի սահմանը: Սակայն նույն մակարդակն էր նաեւ ընթացիկ տարվա ապրիլին, այնպես որ՝ դրանում ոչ մի հատուկ սենսացիա չկա: Հաշվի առնենք, որ 11 տարի առաջ դոլարի տարեկան միջին փոխարժեքը հավասար էր 579 դրամի: Այդ ռեկորդին հետեւեց դրա ոչ այնքան օբյեկտիվ անկումը, եւ 2008 թվականին դոլարը «թուլացավ» գրեթե 1.9 անգամ: Դրան հետեւած դոլարի փոխարժեքի աճն ամենեւին էլ համարժեք չէր դրա անկմանը:
Ինչ վերաբերում է համաշխարհային մյուս արժույթին՝ եվրոյին, եզրակացությունը միանշանակ է. ընթացիկ տարում Հայաստանում դրա փոխարժեքը նշանավորվեց նվազման միտումով: Դրա հետեւանքով մեզ մոտ եվրոյի եւ դոլարի փոխարժեքների միջեւ հարաբերակցությունը վատթարացավ: Եթե հունվարի սկզբին այն 1.38 էր, ապա նոյեմբերի առաջին տասնօրյակի վերջին այն նվազեց մինչեւ 1.24-ի: Նշենք, որ վերջին օրերին եվրոյի եւ դոլարի միջեւ նույն հարաբերակցությունն է (1.24) նկատվել նաեւ Ռուսաստանում: Տարբերությունը միայն նրանում է, որ ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում Ռուսաստանում եվրոն ամրապնդվել է 13%-ով, իսկ Հայաստանում այն «թուլացել» է 8%-ով:

































